Պատերազմական գործողությունների վերսկսման հայտարարությունների հիմքում բանակցությունների բացակայությունն է. Տիգրան Աբրահամյան

Պատերազմական գործողությունների վերսկսման հայտարարությունների հիմքում բանակցությունների բացակայությունն է. Տիգրան Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Առաջնագծում տիրող իրավիճակի մասին Panorama.am-ը զրուցել է Արցախի հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ:

– Վերջին շրջանում առաջնագծում լարվածությունը կարծես թե նվազել է: Արդյոք իրականում պատկերն այդպիսին է, ինչպե՞ս կգնահատեք իրավիճակն առաջնագծում:

-Նվազում ունենք հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասով: Բայց վերջին մեկ ամսվա ընթացքում հակառակորդի 15 հոգանոց դիվերսիոն խմբի ներթափանցման փորձ եղավ հյուսիսային ուղղությամբ, կենտրոնական ուղղությամբ ևս սադրանքի դրսևորում եղավ:

Վերջին շրջանում հակառակորդի զինտեխնիկայի տեղաշարժերի առումով ակտիվության նվազում ունեինք, սակայն վերջին 3 օրերին մի քանի ուղղություններով որոշակի ակտիվություն կա:

Ադրբեջանն այդ կապակցությամբ արդեն հայտնել է, որ տարբեր զորատեսակներ զորավարժությունների, մարտավարական պարապունքների մեջ են:

Հարցն այն է, որ այդ ամենը տեղի է ունենում առաջնագծի մերձակա տարածքներում, ինչը իրավիճակին որոշակի լարվածություն է հաղորդում:

– Տարբեր փորձագետներ պարբերաբար բարձրաձայնում են պատերազմական գործողությունների վերսկսման հավանականության մասին: Նման վտանգը դեռ կա՞:

– Պատերազմական գործողությունների վերսկսման հավանականության մասին հայտարարությունների հիմքում բանակցությունների բացակայության փաստն է:

Ցավոք, որպես այդպիսին բանակցություններ չկան և Ադրբեջանն առանձնապես ջանքեր չի գործադրում կառուցողական դաշտ վերադառնալու համար:

– Այս իրավիճակում արդյոք համարժեք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը, որովհետև չկան հայտարարություններ, գոնե արտաքնապես տեսանելի չեն բանակցությունների վերսկսման վերաբերյալ քայլեր:

– Չեմ կարծում, թե ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահները որևէ քայլ չեն ձեռնարկում, այլ հարց է, թե որքանով են դրանք Ադրբեջանին բանակցությունների սեղան վերադարձնելուն նպաստում:

Մյուս կողմից մենք 2016 թվականի ապրիլ ենք ունեցել, որից պետք է միջնորդ երկրները դասեր քաղած լինեն, որովհետև այս իրավիճակը երկար չի կարող շարունակվել և արտաքուստ համեմատաբար հանգիստ թվացող իրավիճակը կարող է սահուն իր տեղը զիջել անհանգիստ, անկայուն իրավիճակներին:

Այս տարածաշրջանով հետաքրքրված և երկարատև խաղաղության, կայունության ձգտող երկրները պետք է մեծ ջանքեր գործադրեն, որպեսզի Ադրբեջանը հետ կանգնի իր առավելապաշտական մոտեցումներից և հանդես գա ռացիոնալ դիրքերից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում