Թրամփը չի բացառել, որ Իրանը կրախի կմատնվի ԱՄՆ-ի վարչակազմի գործողությունների պատճառով

Թրամփը չի բացառել, որ Իրանը կրախի կմատնվի ԱՄՆ-ի վարչակազմի գործողությունների պատճառով

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ իր վարչակազմի գործողությունները կրախի կմատնեն Իրանին: Այս կարծիքը Սպիտակ տան ղեկավարը հայտնել է Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում:

«Երբ ես եկա այստեղ (Սպիտակ տուն), հարցն այն էր, թե երբ նրանք կզավթեն Մերձավոր Արևելքը»,– ասել է նախագահը՝ խոսելով Իրանի մասին: «Իսկ այժմ հարց է՝ կփրկվեն նրանք արդյոք», – հավելել Է ԱՄՆ-ի ղեկավարը՝ չզարգացնելով իր միտքը:

«Վերջին կես տարում մեծ տարբերություն է նկատվում»,- ասել է Թրամփը, որը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն ստանձնել է 2017 թվականի հունվարին:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից և վերականգնում է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ:

Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Թեհրանը կհաղթահարի ԱՄՆ-ի պատժամիջոցներով պայմանավորված տնտեսական դժվարությունները: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով «բազմաթիվ մարդիկ կորցրել են հավատն իսլամական հանրապետության ապագայի հանդեպ»: «Թեհրանը կհաղթի Սպիտակ տան հակաիրանական չինովնիկներին և կհաղթահարի տնտեսական խնդիրները»,– ասել է Ռոհանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում