ԱՄՆ-ը Պաղեստինի առաջարկել է համադաշնություն կազմել Հորդանանի հետ

ԱՄՆ-ը Պաղեստինի առաջարկել է համադաշնություն կազմել Հորդանանի հետ

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները, որն առաջ է տանում մերձավորարեւելյան կարգավորման իր ծրագիրը, պաղեստինցիներին առաջարկել է համադաշնություն կազմել Հորդանանի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է իսսրայելական հեռուստատեսության 10-րդ ալիքը՝ վկայակոչելով հրեական պետության ոչ կառավարական կազմակերպություների ներկայացուցիչներին, որոնց հետ սեպտեմբերի 2-ին Ռամալլահում հանդիպել Է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը: 

Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ-ի նախագահի ավագ խորհրդականն ու փեսան՝ Ջարեդ Քուշները, եւ միջազգային բանակցություններում վաշինգտոնյան վարչակազմի հատուկ ներկայացուցիչ Ջեյսոն Գրինբալթը Աբասին առաջարկել են «հրաժարվել անկախ պաղեստինյան պետություն ստեղծելու գաղափարից հօգուտ Հորդանանի հետ համադաշնության»:

Մինչդեռ, «Ալ Մայադին» հեռուստաալիքի տեղեկատվությամբ, Աբասն ի պատասխան այդ առաջարկության ասել  է. «Ես պատրաստ եմ համաձայնել, բայց պայմանով, որ համադաշնության մաս կկազմի Իսրայելը»:

Իր հերթին Հորդանանը, i24 news լրատվական պորտալի տվյալներով, հայտարարել է, որ համադաշնության հարցը «բանավեճերի թեմա չէ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում