Ամենայն Հայոց Կաթողիկոսը ՀՀ վարչապետի տիկնոջ հետ այցելել է Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ՀՀ վարչապետի տիկնոջ հետ այցելել է Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն

ԷՋՄԻԱԾԻՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ սեպտեմբերի 3-ին այցելել է ՀՀ առողջապահության նախարարության պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն։

Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Վեհափառ Հայրապետին մուտքի առջև դիմավորել են կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, բ.գ.դ. Սամվել Դանիելյանը, «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամի խորհրդում Հայ Եկեղեցու ներկայացուցիչ, Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, կենտրոնի բժշկական ղեկավար կազմը և այցելու հովիվ Արժանապատիվ Տ. Առնակ քահանա Հարությունյանը։

Նորին Սրբությունը և ՀՀ վարչապետի տիկինն այցելել են կենտրոնի մանկական բաժանմունքում բուժում ստացող տասնվեց մանուկներին և պատանիներին: Իր օրհնությունը և շուտափույթ ապաքինման բարեմաղթանքները փոխանցելով երեխաներին` Վեհափառ Հայրապետը նրանց ընծայել է մանկական Աստվածաշունչներ և մանրանկարներով զարդարված խաչեր: Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի կողմից այցի առիթով նրանց ընտանիքներին կցուցաբերվի նաև նյութական աջակցություն։

Վերջում Գարեգին Բ Կաթողիկոսը և տիկին Աննա Հակոբյանը զրուցել են կենտրոնի պատասխանատուների և բժիշկների հետ։ Կենտրոնի տնօրինությունը տեղեկություններ է փոխանցել կենտրոնի գործունեության, առկա մարտահրավերների և ապագա ծրագրերի վերաբերյալ:

Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել կենտրոնի բժշկական անձնակազմի դժվարին ծառայությունը։ Նորին Սրբությունը կարևորել է նաև մանկական քաղցկեղային հիվանդությունների բուժմանն ու կանխարգելմանը նպաստելուն կոչված նախաձեռնությունները` վստահեցնելով, որ Հայոց Եկեղեցին պիտի շարունակի պարբերաբար աջակցել և զորակցել նման ծրագրերին` օգնելու երեխաներին վերադարձնել իրենց ժպիտն ու հոգու ուրախությունը և ապահովելու նրանց համար անվրդով և երջանիկ մանկություն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում