Դեպի Հայաստան երկաթուղով հացահատիկի փոխադրման համար սահմանված զեղչը անժամկետ է. նախարար

Դեպի Հայաստան երկաթուղով հացահատիկի փոխադրման համար սահմանված զեղչը անժամկետ է. նախարար

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ և «Վրացական երկաթուղի» ընկերության միջև ձեռք բերված պայմանավորվածությունը՝ դեպի Հայաստան երկաթուղով փոխադրվող հացահատիկի համար հատուկ սակագների կիրառման վերաբերյալ, վերջնական է, այն գործում է սեպտեմբերի 1-ից, Aysor.am-ի թղթակցի հարցին ի պատասխան ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը։

«Հայաստան ուղարկվող բեռների տեղափոխման արժեքը զեղչվում է 52 տոկոս։ Պայմանավորվածությունը ներկայումս անժամկետ է», – ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ վրացական հատվածում 52 տոկոս զեղչելու դեպքում հայկական բեռները Երևան կհասնեն 1 տոննան 24 դոլար նվազ արժեքով։

Հիշեցնենք, Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 15-ից արգելվելու է ցամաքային ճանապարհով Հայաստան ցորենի և որոշ հացահատիկային կուլտուրաների ներկրումը։

Փոխադրումները կիրականացվեն ջրային, այնուհետև՝ երկաթուղային ճանապարհով։

Նախարարն ասաց, որ այսօր հեռախոսազրույց է ունենալու Վրաստանի գործընկերոջ հետ, քանի որ պայմանավորվածություն ձեռք բերելիս նշված է եղել, թե առանձին դեպքերում կարող են բեռնափոխադրումներ իրականացվել նաև մեքենաներով։

«Այդ «առանձին դեպքերը» բացված չեն և մենք հիմա խնդիր ունենք պարզելու, թե դրանք ինչին են վերաբերում՝ կուտակումներին, ծովի ալեկոծությանը, թե այլ դեպքերին», – ասաց նախարարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում