Թուրքիան հանդես Է եկել Հունաստանի հետ երկխոսության օգտին

Թուրքիան հանդես Է եկել Հունաստանի հետ երկխոսության օգտին

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հանդես է եկել Հունաստանի հետ երկխոսության օգտին, չնայած երկու երկրների միջեւ առկա տարաձայնություններին: 

Այդ հայտարարությունը Չավուշօղլուն արել է Իզմիրում Հունաստանի վերանորոգված հյուպատոսարանի բացման արարողությանը, որին մասնակցել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոտզիասը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Իզմիրում Հունաստանի հյուպատոսության պատմական շենքի պաշտոնական բացումը հետաձգվել էր մարտին երկու հույն զինվորականների ձերբակալման կապակցությամբ: Զինվորականների ձերբակալումը վերջին ամիսներին ամենասուր խնդիրներից մեկն էր դարձել Անկարայի եւ Աթենքի հարաբերություններում: Օգոստոսի 14-ին նրանց ազատումից հետո Հունաստանի ԱԳ նախարարությունը հույն-թուրքական հարաբերությունների զարգացման հույս էր հայտնել:

«Թուրքիան եւ Հունաստանը մեր տարածաշրջանի հանգուցային երկրներն են: Գաղտնիք չէ, որ մենք ունենում ենք օրեր, երբ չենք կարողանում համաձանության գալ, երբեմն մենք բուռն օրեր ենք ապրում, ունենք տարաձայնություններ: Մենք մեզ թույլ չէինք տա մեր երկրում ընդունել խռովարարների, որոնք փորձեին հեղաշրջում սարքել Հունաստանում: Բայց ելքը տեսնում ենք Հունաստանի հետ համագործակցության ու երկխոսության մեջ»,-Չավուշօղլուի խոսքը մեջբերել է NTV հեռուստաալիքը:

Իր հերթին Կոտզիասը հայտարարել է, որ Հունաստանը 2016 թվականի հուլիսին «Թուրքիայի կողքին էր հեղաշրջման փորձի ժամանակ», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում