«Հրապարակ». Արա Մինասյանը նոր դատական հայց է ներկայացրել ընդդեմ Առողջապահության նախարարի

«Հրապարակ». Արա Մինասյանը նոր դատական հայց է ներկայացրել ընդդեմ Առողջապահության նախարարի

«Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, պրոֆեսոր Արա Մինասյանը դատական նոր հայց է ներկայացրել ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի: Ըստ հայցի՝ Մինասյանը պահանջում է անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու մասին նախարարի հրամանն ու վերականգնել նախկին աշխատանքը:

Մինասյանի շահերի պաշտպան Վահագն Գրիգորյանը թերթի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ Մինասյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ նախարարի հրամանում որևէ փաստական հիմք կամ օրինական հիմնավորում չկա. անգամ պատշաճ ծանուցում չի արվել, տնօրենը մամուլից է տեղեկացել իրեն աշխատանքից ազատելու՝ նախարարի որոշման մասին: Փաստաբանն ասել է, որ դատական նիստի օրը դեռ նշանակված չէ, միայն հայտնի է, որ գործը մակագրվել է դատավոր Արա Կուբանյանին:

Թերթը հիշեցրել է, որ սա Մինասյանի միակ դատական հայցը չէ ընդդեմ առողջապահության նախարարի: «Ավելի վաղ նա մեկ այլ դատական հայց էր ներկայացրել՝ Արսեն Թորոսյանից պահանջելով հրապարակայնորեն ներողություն խնդրել և հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները: Այս գործի առնչությամբ էլ փաստաբանն ասաց, որ Մինասյանը նյութական պահանջ չի ներկայացրել, դատական նիստի օրը դեռևս չի նշանակվել: Հիշեցնենք, որ նախարարը հուլիսի 27-ի ֆեյսբուքյան «լայվում» խոսել էր «կազմակերպված հանցավորության», «բանդայի պարագլխի», «վիշապին գլխատելու» մասին՝ խախտելով անմեղության կանխավարկածն ու զրպարտելով հիվանդանոցի անձնակազմին ու տնօրենին»,-գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում