Եվրաինտեգրման հայկական կորսվող ուղին

Եվրաինտեգրման հայկական կորսվող ուղին

Տպավորություններ Կրինիցայի տնտեսական համաժողովից

Լեհաստանի Կրինիցա-Զդրույ քաղաքում ավարտվել է 28-րդ Տնտեսական Համաժողովը։ Այս տարի այն անցնում էր «Ընդհանրական արժեքների, թե՞ շահերի Եվրոպա» խորագրի ներքո։ Համաժողովի աշխատանքներին այս անգամ ևս, ինչպես նախորդ տարիներին, մասնակցում էին աշխարհի բոլոր անկյուններից եկած ավելի քան 4000 փորձագետներ, պաշտոնյաներ, հասարակական և քաղաքական գործիչներ։


Կրինիցայի Տնտեսական համաժողովը

Կրինիցա֊Զդրույը գտնվում է Լեհաստանի հարավում՝ անմիջապես Սլովակիայի հետ սահմանին։ Համաժողովի մասնակիցների հիմնական մասը բավական երկար ճամփա է անցնում՝ այնտեղ հասնելու համար։ Սկզբից թռիչք դեպի Կրակով, հետո մոտ երեք ժամ տևողությամբ ճանապարհ ավտոբուսով։ Շատերի համար ճամփորդությունը մինչ Կրակով գրեթե մեկ օր է տևում։ Եվ այդ ամենը նրա համար, որպեսզի ներկա գտնվեն Արևելյան Եվրոպայի ամենամեծ համաժողովին, որի ընթացքում քննարկվում է գրեթե ամեն ինչ՝ սկսած աշխարհաքաղաքական հիմնախնդիրներից, ավարտելով տարբեր երկրների տեղական ինքնակառավարման մարմինների կուտակած փորձի փոխանակումով։

Այս տարի նույնպես թեմաների բազմազանությունն ու բովանդակային հագեցվածությունը տպավորիչ էին։ Հայտնվելով Կրինիցայում՝ մարդ իսկապես դժվարանում է կողմնորոշվել, թե նույն ժամին ընթացող հետաքրքիր թեմաների քննարկումներից որ մեկին ներկա գտնվել, ում ինչ հարց տալ և ինչպես հասցնել մեկ քննարկումից մյուսին գնալ։ Աշխատանքային 2.5 օրերի ընթացքում Կրինիցայում այնքան բան է խոսվում, որը քննարկելու, վերլուծելու և դասակարգելու համար ամիսներ են հարկավոր։ Հենց դրա համար է, որ Լեհաստանի կառավարությունն ամեն տարի այդքան գումար է ծախսում, համաժողով անցկացնում։ Դա կարևոր է պաշտոնական Վարշավայի համար բոլոր առումներով։


Խնդիրներին դեմ հանդիման

Եվրոպայի առջև ծառացած խնդիրները՝ հատկապես Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունը լքելու որոշումից հետո, դարձել են այս աշխարհամասի հիմնական քննարկվող թեմաներից մեկը։ Այս առումով ամենևին էլ զարմանալի չէր, որ Կրինիցայի 28-րդ համաժողովը հետևյալ խորագիրն էր կրում՝ «Ընդհանրական արժեքների, թե՞ շահերի Եվրոպա»։ Այս հարցն իրապես առկա էր գրեթե բոլոր քննարկումներում։ Եվրոպայի փորձագետներին շատ է մտահոգում այն փաստը, որ իրենց երկրների կառավարությունները առաջնորդվում են բացառապես քաղաքական և տնտեսական շահերով՝ ետին պլանում թողնելով այն արժեքները, որոնք ժամանակին միավորել են եվրոպացիներին։ Բացահայտ խոսվում էր այն մասին, որ Եվրոպական Միության ներկայիս խնդիրների հիմքում հենց այդ արժեքների բացակայությունն է։ Նրանք չեն տեսնում առկա խնդիրների լուծման ուղիներն ու Եվրոպայի հետագա զարգացման հեռանկարները։ Եվ եթե մարդը միասնական Եվրոպայի գաղափարի սիրահար է, իսկ այդպիսիններն իրականում շատ են, ապա այդ մտահոգությունները նրա մոտ խուճապ են առաջացնում, ինչն էլ ավելի է սրում ներքին հակասությունները։ Այդ ամենը չափազանց շատ էր զգացվում Կրինիցայի Տնտեսական համաժողովի այս տարվա աշխատանքներում։

Երկրորդ խնդիրը, որ ակնհայտորեն առկա է Եվրոպայի քաղաքական մտքում, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի հետ հարաբերություններն են։ Եվրոպացիներն այս հարցերում շատ խոցելի են։ Մի կողմից զգացվում է ԱՄՆ ազդեցությունը նրանց մտածելակերպի վրա, մյուս կողմից՝ ցանկությունը նորմալ հարաբերություններ ունենալ թե՛ Ռուսաստանի և թե՛ Չինաստանի հետ։ Բայց ամենակարևորը, թերևս, եվրոպացիների համոզմունքն է առ այն, որ իրենք նույնպես պետք է համաշխարհային քաղաքական օրակարգ թելադրող կայսրություն լինեն։ Թե ինչպես, դեռ չգիտեն։ Բայց այդ համոզմունքը կա և դրան հասնելու համար միակ անհրաժեշտ բանը, որում նրանք համոզված են, Եվրոպայի միասնությունն է։ Նույն այն միասնությունը, որն այդքան ճաքեր է տվել։


Քաղաքական մտքի ճգնաժամ

Բայց այդ ամենը կարելի կլիներ լուծելի խնդիրներ համարել, եթե չլիներ մտքի՝ շատ վառ երևացող ճգնաժամը։ Կրինիցայի Համաժողովում հստակ երևաց, որ շատ երկրների ղեկավարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց դատողություններում առաջնորդվում են ոչ թե նոր գաղափարներ, նոր մտքեր մշակելու ցանկությամբ, այլ քաղաքական դիսկուրսում վաղուց արդեն ամրացված մոտեցումներով ու անգամ որակավորումներով։ Օրինակ, ինձ մոտ հստակ կարծիք է ձևավորվել առ այն, որ Պուտինի անունը լսելիս, Արևելյան Եվրոպայի մի շարք երկնրերի ղեկավարներ սև դեմքով, բերանից կրակ դուրս եկող, թույն արտանետող միֆական պերսոնաժ են պատկերացնում։ Համենայն դեպս, նրանց ռեակցիան այդպիսինն է։

Նման ընկալումների պարագայում դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է քիչ թե շատ արժեքավոր միտք, առավել ևս՝ գործ հղանալ։

Եվրոպացիներն իսկապես շատ են ենթարկվում արտաքին ազդեցության։ Եվ դա նույնպես հեշտ նկատելի է։ Որպես օրինակ կարելի է դիտարկել նույն Կրինիցայի Համաժողովը, որը 2014թ.-ից դարձել է ուկրաինացիների՝ հակառուսական քարոզ իրականացնելու հիմնական հարթակներից մեկը։ Ցանկացած քննարկման մասնակիցներ, որոնց մեջ առկա է Ուկրաինայից եկած թեկուզ մեկ ներկայացուցիչ, ստիպված են լինում մոտ 15 րոպե լսել Ռուսաստանին ուղղված քննադատություններն ու վիրավորանքները։

Իմ առաջարկը Եվրոպայի գործընկերներին

Այդպես եղավ նաև այն քննարկմանը, որի բանախոսներից մեկը ես էի։ Քննարկումը պետք է վերաբերվել եվրոինտեգրման իրական մոդելներ ստեղծելու հնարավորություններին։ Առաջինը զեկույցով հանդես եկավ Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, տնտեսական զարգացման և առևտրի նախարար Ստեփան Կուբիվը, որն իր ելույթում նշեց, որ Ուկրաինան այսօր գրեթե «միայնակ է պահքարում մի ազգի դեմ, որի անունը КГБ է»։ Կուբիվի խոսքից բոլորս իմացանք, որ եթե չլիներ Ուկրաինան, ապա КГБ-ն արդեն աշխարհն էր գրավել, որ ուկրաինացիները հպարտ են, արդար են, ինքնատիպ են և այլն։ Երկար խոսեց, բայց ոչինչ չասաց եվրոինտեգրման մասին։

Քննարկման հաջորդ բանախոսները՝ Ռումինիայի նախկին արտգործնածարար Լազար Կոմանեսկուն և ԵՄ ընդլայնման գծով նախկին հանձնակատար Գյունտեր Վերհուգենը, բավական ջանք գործադրեցին, որպեսզի հնարավոր լինի քննարկումը կառուցողականության դաշտ վերադարձնել, ինչի համար ես իսկապես շնորհակալ եմ այդ պարոններին։

Ինքս խոսեցին այն մասին, որ Հայաստանին հաջոովել է ինտեգրման այնպիսի լուծումներ առաջարկել Եվրամիությանը, որոնք թույլ կտան Բրյուսելին հիանալի հարաբերություններ կառուցել այն արկրների հետ, որոնք գտնվում են Ռուսաստանի շահերի գոտում։ 2013 թվականին մեր երկրին չհաջողվեց Ասոցացման պայմանագիր ստորագրել ԵՄ հետ։ Բայց ընդամենը 4 տարի անց Հայաստանն ու Եվրամիությունը համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր ուենցան։ Եվ դա արդյունքն էր այն բանի, որ պաշտոնական Երևանին հաջողվեց ցույց տալ Բրյուսելին այն ուղիները, որոնք կարող են օգտակար լինել թե՛ Եվրամիությանը, թե՛ Հայաստանին և թե՛ անգամ Ռուսաստանին։ Նախագահ Սարգսյանի մշակած այդ լուծումներն էին, որ այս տարվա փետրվարին կայացած Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ նրան դարձրեցին «ֆիլմի դրական պերսոնաժ»։

Հիմնվելով այս օրինակի վրա՝ իմ ելույթում նշեցի, որ Եվրամիությունը պեռք է ոչ թե միասնական ծրագրեր մշակի քաղաքական, տնտեսական, անվտանգային տարբեր պահանջներ ու ձգտումներ ունեցող երկրների համար, ինչպես դա Արևելյան գործընկերության ծրագրի դեպքում էր, այլ հստակ նշի, թե որքանով է պատրաստ նա խորացնել իր հարաբերություններն այդ երկրներից յուրաքանչյուրի հետ և որոնք են այն ուղիներն ու մեթոդները, որոնք կարող են օգնել այդ երկրներին օգտվել ընձեռնված բոլոր հնարավորություններից։ Քննարկման բանախոսներն ու դահլիճում նստած շատ փորձագետներ, կարծես թե, համաձայնվեցին շարունակել իմ կողմից ներկայացված առաջարկների հետագա քննարկումները։ Համենայն դեպս, նման մի քանի պայմանավորվածություն հետները ունեմ։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար

Հետևեք մեզ նաև Telegram-ում