Արևելագետը Նախիջևանի սահմանում ակտիվությունը կապում է Հարավային Կովկասում Թուրքիայի դիրքերի ամրապնդման փորձի հետ

Արևելագետը Նախիջևանի սահմանում ակտիվությունը կապում է Հարավային Կովկասում Թուրքիայի դիրքերի ամրապնդման փորձի հետ

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-թուրքական սահմանի խախտման ինտենսիվությունը խոսում է այն մասին, որ Թուրքիան փորձում է հասկանալ, թե ինչ վիճակում են գտնվում ռուս-հայկական հարաբերությունները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա կարծիքով՝ Թուրքիան Հարավային Կովկասում «խաղ խաղալու» քաղաքականություն է որդեգրել:

«Թուրքիայի նախաձեռնած խաղը հետևյալն է` օգտվել Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման փուլից և այն հանգամանքից, որ ՌԴ-ն ներգրավված է Մերձավոր Արևելքում ու Սիրիայում տեղի ունեցող գործողություններում, փորձել ապահովել իր ներկայությունը Հարավային Կովկասում ու դրա համար օգտագործել Ադրբեջանին»,-ասաց նա:

Սաֆրաստյանն իր կարծիքը հիմնավորում է Նախիջևանի տարածքում Ադրբեջանի ակտիվացմամբ: «Բացի այդ, թուրքական մամուլը գրում է, որ Թուրքիան նախապատրաստվում է իր ռազմաբազան տեղակայել Նախիջևանի տարածքում»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նա:

Բանախոսի հավաստմամբ՝ Թուրքիայի նմանատիպ քաղաքականությունը միտված է Հարավային Կովկասում իր դիրքերի ամրապնդմանն ու Հայաստանի մեկուսացմանը: «Չնայած ներկայիս խաղաղ վիճակին՝ հավանականությունը մեծ է, որ աշնան ընթացքում կարելի է հայկական կողմի նկատմամբ ագրեսիվ ու լայնածավալ գործողությունների սպասել»,- եզրափակեց Սաֆրաստյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում