«Ժամանակ». Բեռնատարների վարորդները բողոքի ակցիա են իրականացնելու

«Ժամանակ». Բեռնատարների վարորդները բողոքի ակցիա են իրականացնելու

«Ցամաքային ճանապարհով Վրաստանից Հայաստան ցորենի ներկրման արգելքի հետ կապված խնդիրն այդպես էլ վերջնական լուծում չի ստացել։ Բեռնափոխադրողները հերթական ծանուցումն են ստացել վրացական կողմից, որ սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերվանից սկսած չեն կարող ցորենով բեռնված իրենց մեքենաներով հատել վրացական սահմանը»,-գրում է «Ժամանակ» թերթը։

«Ոչ մի բան էլ չի լուծվել, էդ զեղչերի մասին խոսակցություններն էլ հեքիաթներ են։ Սեպտեմբերի 14-ից կանգնելու է ներկրումը։ Իսկ եթե 52 տոկոս զեղչ էլ անեն, ապա մեր հաշվարկներով, մեկ է, 46-52 դոլար թանկանալու է ցորենի մեկ տոննան, որն ազդելու է նաև հացի գնի վրա։ Ցամաքային ճանապարհով ու ծովով փոխադրման միջև տարբերությունը կազմելու է 140 դոլար 1 տոննայի համար»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է բեռնափոխադրողներից մեկը։

Նրա խոսքով՝ իրենք փաստի առաջ են կանգնելու, քանի որ հեղափոխությունից հետո, երբ հայտարարվեց մոնոպոլիաներ չլինելու մասին, մարդիկ բեռնատար մեքենաներ են գնել, որպեսզի սկսեն ներկրում իրականացնել, բայց հիմա փաստի առաջ են կանգնել, չգիտեն՝ ինչպես մարել իրենց վարկերը, մեքենաների արժեքը վճարել։

Թերթի զրուցակցի խոսքով՝ եթե այս հարցը վերջնական լուծում չստանա, իրենք սեպտեմբերի 15-ին բողոքի ակցիա են իրականացնելու, բեռնատարներով ճանապարհներ են փակելու։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում