Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Շվեյցարիայի նորանշանակ դեսպանը

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Շվեյցարիայի նորանշանակ դեսպանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին սեպտեմբերի 14-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոթոն: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ դիվանագիտական առաքելությունը ստանձնելու առթիվ եւ հաջողություններ մաղթել այդ պատասխանատու աշխատանքում:

Նշելով, որ Հայաստանն ու Շվեյցարիան պատմականորեն ձեւավորված բարեկամական հարաբերություններ ունեն՝ Հանրապետության նախագահը գոհացուցիչ է համարել երկու երկրների միջեւ քաղաքական, տնտեսական ու հումանիտար ոլորտներում համագործակցության ներկա մակարդակը, միաժամանակ նկատելով, որ առկա է հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ: Նա համոզմունք է հայտնել, որ նորանշանակ դեսպանի գործունեության շնոր­հիվ փոխգործակցության օրակարգն էլ ավելի կընդլայնվի:

Դեսպան Լազարոթոն իր հերթին նշել է, որ երկու երկրների բարեկամական հարաբերությունները հետեւողականորեն զարգանում են եւ 2011 թվականին Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան բացումը մեծապես նպաստել է կառուցողական երկխոսության ընդլայմնանը: Նա պատրաստակամություն է հայտնել ներդնել բոլոր ջանքերը՝ առավել զարգացնելու տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում