Ադրբեջանը փորձում է ուժ ցուցադրել՝ ի պատասխան «Շանթ 2018» զորավարժությունների. Դավիթ Բաբայան

Ադրբեջանը փորձում է ուժ ցուցադրել՝ ի պատասխան «Շանթ 2018» զորավարժությունների. Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ինչպես հայտնի է, ընդամենը մի քանի օրից՝ սեպտեմբերի 17-22-ը, Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ գործառնական-մարտավարական զորավարժություններ կանցկացնեն։ Զորավարժանքների ընթացքում Ադրբեջանի ԶՈւ-ի զինվորները «կխոցեն Արցախում հայկական զինված ստորաբաժանումները, ռազմական ու ռազմավարական օբյեկտները»։

Զորավարժություններին կմասնակցի ավելի քան 20.000 զինծառայող, ավելի քան 200 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի ավելի քան 120 հրթիռահրետանային սարքավորում, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, մոտ 10 միավոր կործանիչ ու ռմբակոծիչ։

Panorama.am-ի թղթակիցը թեմայի շուրջ զրուցեց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանի հետ։
Վերջինս նշեց, որ Ադրբեջանն այս կերպ փորձում է ուժ ցուցադրել՝ ի պատասխան Հայաստանում անցկացված «Շանթ 2018» զորավարժությունների։

«Հակառակորդ կողմը փորձում է պատասխան տալ, որ եթե հայկական կողմը «Շանթ» զորավարժություն է անցկացնում, իրենք էլ իրենց մոտ կարող են զորավարժություններ անցկացնել։ Բայց ի տարբերություն հայկական կողմի՝ Ադրբեջանի պահվածքը չափազանց ագրեսիվ է։ Այն, ինչ անում է Ադրբեջանը, ոչ այլ ինչ է, քան ագրեսիա։ Ինչպես հայտնի է, նրանց զորավարժությունների պայմանական նպատակը Արցախի գրավումն է, Արցախի Հանրապետության ոչնչացումը։

Նրանց բոլոր զորավարժությունների, բանակաշինության, պետականաշինության, ազգային գաղափախոսության գերնպատակը Հայոց պետականության կործանումն է՝ առաջին հերթին Արցախի հատվածի, այնուհետև Հայաստանի Հանրապետության»,- ասաց Դավիթ Բաբայանը։
Հիշեցնենք, որ «Շանթ 2018» հրամանատարաշտաբային զորավարժությունը ՀՀ ողջ տարածքում մեկնարկել էր սեպտեմբերի 11-ին:

Ըստ նախատեսվածի՝ սեպտեմբերի 11-14-ը պետությունը պետք է բերվեր պայմանական պատերազմական վիճակի:

Հիշեցնենք նաև, որ համապետական նշանակության «Շանթ 2018» զորավարժությունը պլանային բնույթի էր և նպատակաուղղված էր պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճաների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողություններիներդաշնակության մակարդակի բարձրացմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում