Արցախի պետնախարարն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մի խումբ ներկայացուցիչների

Արցախի պետնախարարն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մի խումբ ներկայացուցիչների

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մի խումբ ներկայացուցիչների:

Պետական նախարարը ողջունել է բարերարների հերթական այցը հայրենիք և նշել, որ Արցախի իշխանությունները մշտապես բարձր են գնահատել հիմնադրամի գործունեությունը և վերջինիս հետ ունեցած համագործակցության մակարդակը:

Նրա խոսքով՝ երկու տարի առաջ համահայկական միջոցներով շահագործման հանձնված Վարդենիս-Մարտակերտ մայրուղին տնտեսական առումով լուրջ արդյունքներ է ապահովում՝ մասնավորապես խթանելով զբոսաշրջության և ապրանքաշրջանառության աճին:

«Բացի բազմաթիվ իրականացված ծրագրերից, Հիմնադրամի միջոցով մեր շատ հայրենակիցներ առիթ են ունեցել հայրենիքի հետ ավելի ամուր կապեր հաստատելու: Այս իմաստով, այն իսկապես, յուրօրինակ կամուրջ է դարձել Հայրենիք-Սփյուռք հարաբերություններում, և, համոզված ենք, որ տարիների ընթացքում համատեղ աշխատանքով ձեռք բերված փորձն ու վստահությունը նոր որակ կստանան մեր ապագա հարաբերություններում»,- ասել է Գ. Մարտիրոսյանը:

Հանդիպման վերջում Գ. Մարտիրոսյանը պատասխանել է նաև Հիմնադրամի շահառուների հարցերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում