Պայթյուն Հրազդանում. բնակելի շենքի տակ հեռակառավարվող պայթուցիկ է տեղադրված եղել

Պայթյուն Հրազդանում. բնակելի շենքի տակ հեռակառավարվող պայթուցիկ է տեղադրված եղել

Սեպտեմբերի 16-ին, ժամը 20:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միքայելյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող 5 հարկանի բնակելի շենքի 2-րդ հարկում պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է ԱԻՆ պաշտոնական կայքը:

Դեպքի վայր են մեկնած հրշեջ-փրկարարները պարզել են, որ պայթյունի հետևանքով փլուզվել են բնակարանի միջսենյակային պատերը, պատշգամբը, վնասվել են դռները, պատուհաններն ու գույքը, մասամբ փլուզվել են հարևան 3 բնակարանների բաժանարար պատերը, վնասվել ներսենյակային դռները։ ԱԻՆ–ը հայտնում է, որ տուժածներ չկան:

Փրկարարները շենքից տարահանել շուրջ 30 բնակիչների:

Փրկարարները պարզել են, որ պայթյունը հատուկ կազմակերպված է եղել։ «Տեղազննման արդյունքում հայտնաբերվել է ժամացույց՝ միացված էլեկտրական լարերով, 4 էլեկտրական և 4 կրակային ճայթիչ պայթուցիչներ, ավտոմեքենայի ազդանշանային համակարգի հեռակառավարման վահանակ՝ մարտկոցով, որոնք նախատեսված են եղել պայթեցման համար»,– հայտնում է ԱԻՆ–ը:

Հայտնաբերված սարքը վնասազերծվել և հանձնվել է ոստիկանության աշխատակիցներին:

Կինոլոգները բնակարանում և շենքի նկուղում իրականացրել են տեղազննում, այլ պայթուցիկ սարք կամ նյութեր չեն հայտնաբերվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում