Հեղափոխության, օրինականության և բովանդակության ճգնաժամի մասին

Հեղափոխության, օրինականության և բովանդակության ճգնաժամի մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Այս օրերին փողոցներում ռեյդեր են: Ոստիկանությունը կանգնեցնում է ավտոշարասյունները, գործարարների (եթե կուզեք՝ օլիգարխների) թիկնապահներին պարկեցնում է ասֆալտին, նվաստացնում, տանում բաժին, մի քանի ժամ պահում, հետո բաց թողնում: Եթե մի պայմանական իմաստունի հնարավոր լիներ հարցնել, թե, արդյո՞ք, այս ամենն անհիմն ճնշում չէ, այդ ո՞ր իրավական ակտով է սահմանափակվում ավտոշարասյունով շրջելը, կտրվեր առաջին հայացքից ցինիկ, բայց պատմական ճշմարտություն ապրած մի պատասխան՝ սա հեղափոխություն է: 


Օրինականության և հեղափոխության հակասությունը

Եթե «հեղափոխություն» ասվածը միայն բրենդինգ, միֆականացված իշխանափոխություն չէ, այլ առաջին հերթին հասարակարգի վերակառուցում, երկրի արմատական բարեփոխում, ապա ստիպված ենք նշել, որ աշխարհում գրեթե բոլոր հեղափոխությունները հակադրվել են ժամանակի օրինականությանը: Պատճառը շատ պարզ է՝ օրենքը պահպանողական երևույթ է. այն իրավականորեն կարգավորում է արդեն գոյություն ունեցողը: Իսկ եթե իրականություն ես ուզում փոխել, ապա ինչպե՞ս դա անել նախկինը ամրագրած մեխանիզմների շրջանակում:

Հենց այստեղ է առաջանում ներքաղաքական հիմնական դիսկուրսը: Հեղափոխականները գտնում են, որ օրինականությունը կարելի է երբեմն շրջանցել հանուն հեղափոխության նպատակների: Սրան ի հակառակ՝ հեղափոխության դիմադրությունը ապահովող ուժերը խոսում են ֆորմալության, իրավական կարգավորումների, օրենքի տառի պահպանման պարտադիրության մասին: Ըստ իրենց՝ հեղափոխության նպատակն այնքան արժեքավոր չէ, որ կարելի լինի շրջանցել օրենքը:


Ո՞րն է հեղափոխության նպատակը, բովանդակությունը:

Յուրաքանչյուր հեղափոխություն ինքնին մեկ հարցի գործընթաց է: Հեղափոխությունները շահերի, նպատակների հավասարակշռում չեն ենթադրում: Մեր դեպքում էլ այն մեկն է՝ կոռուպցիայի դեմ պայքարը, որը առավել ցայտուն ձևով դրսևորվել է նախկին իշխանությունների նկատմամբ ռեպրեսիաներով: Քանի դեռ թարմ է նախկինների նկատմամբ հանրային ատելությունը, այս բովանդակությունը կապահովի հեղափոխության հաղթարշավը: Սակայն հասարակության համեմատաբար գիտակից շերտերը այսօր արդեն բարձրաձայնում են, որ անցյալի դեմ պայքարը ապագայի կառուցման մոդել չէ, հատկապես երբ պայքարը ոչ այնքան գողություն ասվածի դեմ է, որքան կոնկրետ գողացողների:

Մեծ հաշվով երկու խնդիր կա պետության առջև դրված՝ անվտանգություն և սոցիալ-տնտեսական բարեկեցություն: Մի՞թե այս խնդիրների լուծումը այդքան շատ է կապված կոռուպցիայի հաղթահարման հետ: Այս հարցերում հեղափոխական հայեցակարգերի առաջադրման փոխարեն մենք տեսնում ենք կոռուպցիայի դեմ պայքարի անհարկի ֆետիշացում, և եթե հեղափոխությունը վերոնշյալ խնդիրների լուծմանն ուղղված բովանդակություն և կամք չներկայացնի, շարունակաբար կզրկվի ողջամիտ, շրջահայաց մարդկանց աջակցությունից և կունենա միայն այն լյումպենի աջակցությունը, որը հրճվանք է ապրում՝ նախկին իշխանավորին ճնշված տեսնելով:

Հեղափոխությանը դիմադրություն ցույց տվող ուժերն էլ չեն փայլում քաղաքական բովանդակությամբ: Օրենքին հղում անելը բովանդակություն չէ: Ամեն հարց գերազանցապես իրավական եզրաբանությամբ ներկայացնելը հատուկ է այն չինովնիկիններին, ովքեր իրենց ձգտումների մասին խոսելու, առաջնորդություն ստանձնելու համար «երես» չունեն, հանրային աջակցություն չունեն, ուստի դիրքավորվում են օրենքին թիկունքում: Հեղափոխական գործընթացներին իրավականը հարկադրելը պասիվ և անհեռանկար դիմադրություն է, քանի որ, ինչպես գիտենք, պատմության որոշումները դատարաններում չեն բողոքարկվում: Մյուս կողմից ես լավ գիտակցում եմ, որ նախկինները ինչ էլ առաջարկեն, ընկալվելու է անցյալը վերադրաձնելու փորձ և մերժվելու է, քանի որ հաճախ կարևոր է ոչ այն, թե ինչ է ասվում, այլ թե ով է ասում:


Ո՞րն է լուծումը:

Հեղափոխությունը գլխավորապես հենց քաղաքական կամքն է: Սակայն եթե այն չի համադրվում բովանդակությամբ, ունենում ենք շատ կասկածել արդյունքներ: Պատմությունը ցույց է տվել, որ հեղափոխական ուժերը կամքի բացակայության, դանդաղկոտության պայմաններում փետրվարյան հեղափոխության ճակատագրին են արժանանում, իսկ կամքի ավելցուկի ու բովանդակության բացակայության պայմաններում լինում է այն, ինչ եղավ հոկտեմբերյան հեղափոխությունից հետո: Ռեյդերը, խուզարկությունները հենց հեղափոխական կամքի ցուցադրությունն են, որը գուցե հակասում է օրենքի տառին, սակայն օրենքի էությանը, այսինքն արդարությանը համապատասխանում է: Այս ամենին պետք է զուգակցել խնդիրների լուծման իրական հայեցակարգերը, այլապես կամքի ավելցուկը ոչ թե խնդիրներ լուծող, այլ ինքնին խնդիր կդառնա բոլորիս համար:

Որպեսզի հայտնվի իրական բովադակություն, նախ պետք է դադարեցնել բևեռացման, բարիկադների կառուցման, սևերի-սպիտակների գործընթացը: Նման հանրային մթնոլորտում որևէ բանական խոսք կլռեցվի սոցցանցերի աղմուկի մեջ: Ավագանու ընտրություններից հետո կարծում եմ նպաստավոր պայմաններ կստեղծվեն դրա համար: Այս ամենը հնարավորություն կտա ձևավորել առարկայական քննարկումների հարթակներ, որոնք նախ հեղափոխության տիրույթ կվերադարձնեն իշխանությունից օր-օրի օտարվող ինտելեկտուալ շերտերին, իսկ հետո հնարավորություն կտա ստեղծել այն բովանդակությունը, որի կարիքն այդքան ունի հեղափոխությունը: Ի՞նչ մարտահրավերների առաջ է կանգնած ՀՀ-ն, որո՞նք են այն օբյեկտիվ նախադրյալները, որոնք արգելակում են երկրի տնտեսական զարգացումը, ի՞նչ կարելի է իրավացիորեն և իրատեսորեն ակնկալել ՀՀ իշխանություններից, կոռուպցիան, որի դեմ այդքան պայքարում ենք, վերջիվերջո բարոյական, թե՞տնտեսական խնդիր է, ի՞նչ չափով է դրա առկայություն արգելակում երկրի զարգացումը. այս և այլ հարցերը կարող են տարբեր պատասխաններ ունենալ , սակայն հենց այդ գունապնակն է ձևավորելու այն քաղաքական դաշտը, որի արդյունքում այլևս չենք ունենա «сам ты дурак» բովանդակությամբ քարոզարշավներ: Որքան էլ երկարատև թվա այս գործընթացը, միակ լուծումը սա է: Մնացածը երազախաբություն է:

Դավիթ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոն

Հետևեք մեզ նաև Telegram-ում