Սևանի բժշկական կենտրոնում կտեղադրվի համակարգչային շերտագրման սարք

Սևանի բժշկական կենտրոնում կտեղադրվի համակարգչային շերտագրման սարք

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Սեպտեմբերի 19-ին Գեղաքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն ընդունեց Երևանի «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի տնօրենների խորհրդի նախագահ Հարություն Մանգոյանին և «Առագաստ» կրթական հիմնադրամի ղեկավար Արթուր Ղազարյանին: Հանդիպման ընթացքում ստորագրվեց եռակողմ համագործակցության համաձայնագիր, ըստ որի «Վարդանանց» ՆԲԿ-ին պատկանող ճապոնական արտադրության համակարգչային շերտագրման սարքը առաջիկայում կտեղադրվի Սևանի նորակառույց բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի մասնաշենքում։

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի լրատվության բաժին, Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը սարքի տեղադրումը կարևոր ձեռքբերում համարեց մարզի բնակչության համար:

«Համակարգչային շերտագրող սարքը մենք որոշեցինք տեղադրել Սևան քաղաքում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամռան ընթացքում այս տարածքում ունենք զբոսաշրջիկների մեծ հոսք: Սա շատ կարևոր ձեռքբերում է թե՛ մարզի բնակչության, թե՛ մարզի առողջապահական համակարգի զարգացման համար: Հուսով եմ, որ այս համագործակցությունը կապահովի ցանկալի արդյունք»,– նշեց Իշխան Սաղաթելյանը:

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի տնօրենների խորհրդի նախագահ Հարություն Մանգոյանը նշեց, որ «Վարդանանցը» կապահովի շերտագրող սարքի անխափան շահագործումը, կհոգա բժշկական և տեխնիկական անձնակազմի աշխատավարձների ծախսերը, իսկ սարքի շահագործումից ստացված հասույթի որոշակի մասը կփոխանցվի «Առագաստ» կրթական հիմնադրամին, որն իր հերթին ներդրումներ կկատարի մարզի բժշկական կազմակերպությունների զարգացման ծրագրերում, մասնավորապես՝ սարքավորումների ձեռքբերման, բժշկական անձնակազմի ուսուցման և նյութական խրախուսման հարցերում։

«Վարդանանցի այս նախաձեռնությունն աննախադեպ քայլ է Գեղարքունիքիմարզի առողջապահական համակարգի համար։ Սա առողջապահության ոլորտում պետություն-մասնավոր հատվածների համագործակցության առաջին փորձն է։ Համակարգչային շերտագրման սարքը ևս առաջինն է լինելու մարզում։ Բարձր տեխնոլոգիական սարքերի առկայությունը նաև մարզը հրապուրիչ է դարձնում երիտասարդ, շնորհալի մասնագետների համար։ Մանավանդ, երբ ծրագրում ներառված է բժշկական անձնակազմի մասնագիտական կատարելագործման և խրախուսման բաղադրիչը: Ակնհայտ է, որ «Վարդանանցի» նախաձեռնությամբ մեկնարկող համագործակցության արդյունքում կշահի Գեղարքունիքի մարզի բնակչությունը՝ նախկինում անհասանելի ծառայությունները ստանալով տեղում, բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից»,- նշեց Հարություն Մանգոյանը: 

Հանդիպման ընթացքում համագործակից կողմերը քննարակեցին նաև շերտագրող սարքի տեղադրման հետ կապված մի շարք տեխնիկական և աշխատանքային պայմանների ստեղծման հետ կապված հարցեր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում