Սիլվա Ադամյան․ ՀՀ առողջապահության նախարարի հայրը վիրավորել է Ամուլսարի խնդիրներով զբաղվող փորձագետներին

Սիլվա Ադամյան․ ՀՀ առողջապահության նախարարի հայրը վիրավորել է Ամուլսարի խնդիրներով զբաղվող փորձագետներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, News.am: Ամուլսարի ծրագրի շուրջ լսումների ընթացքում տեղի ունեցած տհաճ միջադեպը շարունակություն է ունեցել։ Բնապահպանների, փորձագետների եւ տարբեր հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ լսումները սեպտեմբերի 14-ին կազմակերպվել էին ԵՊՀ-ում։Միջոցառման ընթացքում մասնակիցներից մեկը՝ Գեւորգ Թորոսյանը, հրապարակայնորեն վիրավորել է հավաքվածներին, ինչից հետո արագ հեռացել է։ Դրան հետեւել են բնապահպանների եւ փորձագետների հասցեին վիրավորանքները Facebook-յան այն խմբերից մեկի կողմից, որոնց հետ Թորոսյանը «կիսվել» էր սոցանցի իր էջում։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Թռչնասերների կենտրոն» ԲԸ-ը ղեկավար Սիլվա Արամյանն ասաց, որ Թորոսյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայրն է եւ պաշտոն է զբաղեցնում Ընդերքի գործակալությունում։

Նրա խոսքերով՝ ԵՊՀ-ում քննարկումների ժամանակ Գեւորգ Թորոսյանը հայտարարում էր, որ փորձագետները անհիմն տվյալներ են հաղորդում, եւ իրականում նրանք ոչ մի հստակ տեղեկատվություն չունեն ոչ Ամուլսարի շրջանում սողանքների, ոչ ջրային պաշարների վրա հանքավայրի ազդեցության վերաբերյալ։ Այնուհետեւ նա անցել է անձնական վիրավորանքների՝ մի քանի հայտնի փորձագետների, այդ թվում՝ ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանին, անվանելով ժամկետանց մասնագետներ։ Այս կապակցությամբ նա նաեւ չի զլացել նկատել, թե պատահական չէ, որ կառավարությունը Ամուլսարի հանքավայրի ռիսկերի գնահատման համար արտասահմանյան փորձագետներ է հրավիրում։

«Փոխվարչապետի օգնական Տիգրան Ավինյանը, ով ներկա էր միջոցառմանը, դրան ի պատասխան ասաց, որ նրա խոսքերը չեն համապատասխանում Կառավարության դիրքորոշմանը։ Այդ խոսքերից հետո Գեւորգ Թորոսյանը արագ լքեց դահլիճը»,- ասաց Արամյանը։

Սակայն Գեւորգ Թորոսյանը սրանով չի բավարարվել եւ իր ֆեյսբուքյան էջում այս թեմայով «կիսվել» է FaceTube կոչվող ինչ-որ խմբի հետ, որի անդամները քննարկման մասնակիցներին անվանել են «չկայացած մասնագետների խումբ», «ինքնակոչ փորձագետներ», կիսագրագետներ, որոնց «վարչապետն արդեն նետել է աղբամանը»։

Արամյանի խոսքերով՝ մասնակիցներից մի քանիսը նամակ են ուղարկել Կառավարություն՝ պահանջելով հստակեցնել իրավիճակը եւ պարզաբանել, թե ինչ հիմքերով է Գեւորգ Թորոսյանը գնահատականներ տալիս Կառավարության անունից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում