«Այսօր մեծ ուրախության օր է». ՀՀ նախագահ

«Այսօր մեծ ուրախության օր է». ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեր կյանքն իրականում շատ ավելի խորն է և ավելի բարդ, հետևաբար, ունենք բազմաթիվ ձեռքբերումներ և բազմաթիվ թերացումներ, որ վաղը պետք է հաղթահարենք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Նրա խոսքով` սեպտեմբերի 21-ը ուրախության օր է, երբ բոլորը պետք է հիշեն մեր հաղթանակները: «Մեծ հաղթանակ է հարյուրավոր տարիներ հայրենիք չունենալուց հետո կրկին հայրենիք ունենալը: Մեծ հաղթանակ է, նաև նշան է ժողովրդի կողմից իր ուժը ցուցադրելու 27 տարի առաջ, այն համբերության, ներքին զգացման և էներգիայի պոռթկումը, որ 1988 թվականից սկսվեց` Ղարաբաղյան շարժման ընթացքում: Այնպես որ, այսօր մեծ ուրախության օր է»,-ասաց նա:

Նախագահ Սարգսյանը նշեց, որ 1988 թվականին մեր ժողովրդի զավակները Խորհրդային Միության քաղաքացիներ էին, հետևաբար անկախության, ազատության զգացումները ժողովրդի ներսում եղել են միշտ, նույնիսկ խորհրդային տարիներին, նույնիսկ ավելի վատ տարիներին: «Շատ մեր մեծանուն հայեր և հայեր, որոնց անունները կորցրել ենք, իրենց կյանքն են տվել գաղափարի, մեկ բանի համար` հայրենիքի, անկախության և մարդկային բարձր գաղափարների»,-ասաց Արմեն Սարգսյանը:

Անդրադառնալով քաղաքական դաշտի «սևերի» և «սպիտակների» բաժանված լինելու հարցին՝ նախագահ Արմեն Սարգսյանը վստահեցրեց, որ հայ ժողովուրդն իր մեծագույն հաղթանակներին հասել է, երբ բոլորս միասին ենք եղել: «Մեր ազգային հաջողությունների գրավականը լինելու է այն, որ մեր երկիրը միասնական լինի բոլոր դեպքերում: Կարող ենք ունենալ ամենառադիկալ կարծիքներ, բայց պետք է հարգենք իրար, ունենանք այն շնորհքը, որ կոչվում է հանդուրժողականություն, ինչպես նաև լսելու ունակություն»,- հավելեց Սարգսյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում