ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է բաղկացած լինի քսան մշտական անդամներից. Էրդողան

ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է բաղկացած լինի քսան մշտական անդամներից. Էրդողան

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերստին հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արմատական բարեփոխման անհրաժեշտության եւ ներկա վիճակում համաշխարհային հարցերը լուծելու կազմակերպության անընդունակության մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին նա ասել է Նյու Յորքի թուրքական ու մուսուլմանական համայնքների առջեւ ունեցած ելույթի ժամանակ, ուր ժամանել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար:

«194-ից հինգ երկիր չեն կարող դատել ողջ աշխարհը, ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական ու ոչ մշտական անդամների բաժանում չպետք է լինի: Եթե բարեփոխում անցկացվի, ապա կլինի քսան մշտական անդամ, բոլոր մայրցամաքների ու դավանանքների ներկայացուցիչներ, եւ կլինի ռոտացիա: Միայն այդ ժամանակ ՄԱԿ-ը կկարողանա արդարացի գործել»,-սեպտեմբերի 24-ին Էրդողանի խոսքը մեջբերել է Hurriyet թերթը: Թուրքիայի առաջնորդը նշել է, որ ներկայում համաշխարհային կազմակերպությունն ի վիճակի չէ լուծել առկա հակամարտությունները:

«Ութ տարի Սիրիայում շարունակվում է ճգնաժամը: ՄԱԿ-ը կարողացա՞վ այն կարգավորել: Ո՛չ: Իսրայելը շարունակում է ճնշման քաղաքականությունը, թեեւ կան բանաձեւեր, նա կատարո՞ւմ է դրանք: Ո՛չ»,- հայտարարել է Էրդողանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում