Գևորգ Կոստանյանն առաջարկում է հեռախոսազրույցի գաղտնալսման հարցով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովում քննության հրավիրել առնվազն 5 մարդու

Գևորգ Կոստանյանն առաջարկում է հեռախոսազրույցի գաղտնալսման հարցով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովում քննության հրավիրել առնվազն 5 մարդու

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման հարցը քննարկելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն առաջարկում է առնվազն 5 մարդու հրավիրել քննության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կոստանյանը նման տեսակետ հայտնեց հանձնաժողովի երկրորդ նիստում:

«Առաջարկում եմ հասկանալ, թե ինչ փաստաթղթեր ենք պահանջելու, որ հստակեցնենք, թե ում ենք հրավիրելու քննիչ հանձնաժողով: Հիմա ունենք մի փաստ, որի շուրջ գլոբալ քննարկում ենք անում: Ունենք փաստ, ձայնագրություն՝ երկու մասնակիցներով: Բայց այդ ձայնագրությամբ մենք ունենք առնվազն չորս մասնակցի առկայություն, նաև փաստաբանը՝ Վահե Գրիգորյանը: Այսինքն՝ առաջարկում եմ առնվազն հինգ սուբյեկտների»,- նշեց Գևորգ Կոստանյանը:

Արփինե Հովահննիսյանն ընդգծեց՝ ճիշտ կլինի որոշել, թե որ պաշտոնատար անձանց են ցանկանում առաջին հերթին լսել, որ հատվածից են սկսում գաղտնալսման բովանդակությունը, ուր են շարժվում:

ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյանն առաջարկեց հրավիրել անձանց քննության՝ ըստ ընտրված քննության առարկայի: Նա ուներ կոնկրետ առաջարկ, բայց այս պահին չհայտնեց: Նահապետյանը նաև առաջարկեց, բացի հանձնաժողովի հերթական նվստերից, հրավիրել նաև աշխատանքային նիստեր:

Գևորգ Կոստանյանն ընդունեց նաև աշխատակարգային կարգով նիստեր անցկացնելու առաջարկը: Նա նկատեց՝ պաշտոնատար անձինք պարտավոր են ներկայանալ հանձնաժողովում հրավիրված քննությանը, իսկ ոչ պաշտոնատար անձինք կարող են նաև հրաժարվել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում