«168 Ժամ». Ռուսաստանը հետևում է ՀՀ իշխանություններին

«168 Ժամ». Ռուսաստանը հետևում է ՀՀ իշխանություններին

«168 Ժամի» հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ՀՀ կատարելիք պաշտոնական այցի արդյունավետությանն ու օրակարգին, ասել է. «Թեև ոչ ամբողջական բովանդակային հանդիպումների տեսքով, բայց ակտիվ շփումներ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ընթանում են ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո: Սա թույլ է տալիս ղեկավարներին առաջացած խնդիրները քննարկել առաջին ձեռքից, ծանոթանալ դիրքորոշումներին և ընդհանուր առմամբ համագործակցել ավելի արդյունավետ:

Բնականաբար, ներկայումս կան խնդիրներ, որոնք պայմանավորված են միմյանց հետ աշխատելու փորձի բացակայությամբ, ՀՀ իշխանության եկած անձանց կառավարման փորձի բացակայությամբ, որը խնդիրներ է առաջ բերում, և մի շարք այլ հանգամանքներով: Բայց տեսանելի է, որ այս հանդիպումներն առիթ են դառնում քննարկումների համար, երկու երկրների կարևորությունը միմյանց համար շատ ավելի մեծ է, քան նշածս խնդիրները: Ինչպես Փաշինյանի այցը Մոսկվա, այնպես էլ, կարծում եմ` Պուտինի առաջիկա այցը Հայաստան ևս կդառնա սուր անկյունները հարթելու լավ հնարավորություն»:

Իր հերթին՝ քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Ռարն ասել է, որ դեռևս շարունակվում է հարմարվողականության փուլը, Ռուսաստանը շարունակում է ճանաչել ՀՀ նոր իշխանություններին, հետևում է այս օրերին Միացյալ Նահանգներում ՀՀ վարչապետի ելույթներին, հանդիպումներին, արևմտյան շփումներին, որը ևս կարևոր կլինի՝ հասկանալու հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրների լուծման հնարավորությունը:

«Կարծում եմ` ժամանակ է հարկավոր, որպեսզի ամեն բան պարզվի, փոխադարձ վստահություն ձևավորվի, քանի որ ներկայումս առաջացած բոլոր խնդիրների պատճառը վստահության բացակայությունն է երկկողմ հարաբերություններում»,- ասել է նա»:

Փորձագետների հետ զրույցի մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում