Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները ջրվեցին. քաղաքագետ

Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները ջրվեցին. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amՎիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները ջրվեցին:

Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արված հայտարարությանը, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ սկսելու քայլեր ձեռնարկել հրադադարի ռեժիմի խախտումները կանխելու ուղղությամբ:

Քաղաքագետը գրել է, որ այդ ելույթից մտորելու և մտահոգվելու առիթ կա։
«Նախ, որովհետև անպատրաստ է եղել այդ հանդիպմանը, առավել ևս ինչ-որ բաներ պայմանավորվելուն։ Որպես դրա հետևանք, հիմա արդեն կարելի է փաստել, որ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները ջրվեցին։

Նույն թեմայի մասին նոր պրոցես է սկսել ու արդեն հասցրել ոչ միայն հրահանգավորել բոլորին, այլև գոհ հայտարարել, որ պայմանավորվածություններն աշխատում են ու անցած գիշեր ամենահանգիստն է եղել սահմանում»,-գրել է նա, ապա ներկայացրել մյուս պատճառները.

«Անհանգստությանս երկրորդ պատճառը Փաշինյանի հենց այդ վստահությունն է Ալիևի խոսքի հանդեպ։ Խոսեցին, պայմանավորվեցին, եկավ։ Բա երանի չէ՞ր ամեն ինչ այդպես հեշտ լիներ…
Երրորդը, տպավորությունը, որ Փաշինյանը դեռ մինչև վերջ չի ըմբռնել ո՛չ մինչ այժմ տեղի ունեցած բանակցային գործընթացի էությունը, ո՛չ Ադրբեջանի ձգտումների սահմանաչափը և ո՛չ էլ մեր տարածաշրջանի քաղաքական գործընթացների տրամաբանությունը։

Եկել ասում է, թե պարզվեց փակ դռների ետևում բանակցում են, վիճում են, հարգում են դիմացինի սուվերենությունը և այլն։ Այ քեզ նորություն…»,-գրել է Հ. Մելիք-Շահնազարյանը:

 

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել էր այսօր Դուշանբեում Ադրբեջանի նախագահի հետ ոչ ֆորմալ հանդիպման մի քանի մանրամասներ: «Մենք պայմանավորվեցինք, որ մեր ՊՆ-ներին հանձնարարություն տանք կոնկրետ քայլեր ձեռնարկել սահմանագծում և ընդհանրապես լարումն իջեցնելու վերաբերյալ, սահմանային միջադեպերը կանխելուն ուղղված քայլեր են դրանք»,-հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանի և շփման գծի Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումները կանխելու վերաբերյալ միջոցներ կիրառելու պայմանավորվածություն ձեռք բերվելու հարցն է նաև քննարկվել:

Ըստ նրա՝ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվել են նաև, որ օպերատիվ կապի որոշակի կոմունիկացիա պիտի ստեղծվի, ինչպես նաև խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում