Բաքվում ցուցարարները պահանջում են «Ղարաբաղի ազատագրման» ռազմական գործողություն

Բաքվում ցուցարարները պահանջում են «Ղարաբաղի ազատագրման» ռազմական գործողություն

ԵՐԵՎԱՆ, 01 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama: Բաքվում հանրահավաքի մասնակիցները իշխանություններից պահանջում են սկսել «Ղարաբաղի ազատագրման» ռազմական գործողություն, գրում է Caucasian Knot-ը։

Հանրահավաքը տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի մայրաքաղաքի Յասամալ շրջանի սպորտային ու առողջապահական համալիրի մարզադաշտում։ Հավաքի կարգախոսներն էին «Սկսել հակաահաբեկչական գործողություն Ղարաբաղում» և «Ազատագրել Ղարաբաղը»։

Հավաքը կազմակերպել էր «Ղարաբաղ» հանրային կոմիտեն, որը թույլատրվել էր իշխանությունների կողմից։

Ղարաբաղի ազատագրման կազմակերպության ղեկավար Ակիֆ Նագին հավաքին հայտարարել է, որ իրենց նպատակն է «բարձրացնել Ղարաբաղի ազատագրման հարցում հանրային ակտիվությունը»։

«Մեր տարածքները 26 տարի օկուպացված են, միլիոնավոր հարկադրված միգրանտներ չեն կարողանում վերադառնալ իրենց հայրենի վայրեր։ Ժամանակն է դիմել վճռական գործողությունների»,-ասել է Ակիֆ Նագին։

Հանրահավաքն ավարտվել է ժամը 5-ին՝ հայտարարության ընդունմամբ, որում պահանջ է ներկայացվում իշխանություններին՝ «սկսել հակաահաբեկչական գործողություն՝ Ադրբեջանի տարածքներն ազատագրելու համար», «ազատ արձակել քաղբանտարկյալներին», «իրականացնել ժողովրդավարական բարեփոխումներ», «պայքարել կոռուպցիայի դեմ», «ուժեղացնել վետերանների, ընտանիքների սոցիալական պաշտպանությունը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում