Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ աշխատանքային քննարկումներ սկսելու մասին

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ աշխատանքային քննարկումներ սկսելու մասին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է՝ քանի դեռ Հայաստանում տեղի չեն ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, տնտեսությունը, բիզնեսը լինելու են շունչը պահած վիճակում մինչև ինչ-որ միջնաժամկետ հեռանկար ստանա: Վարչապետի խոսքով՝ բիզնեսը պետք է իմանա, որ 5 տարի լինելու է կայուն խորհրդարանական մեծամասնություն, որն աշխատելու է կառավարության հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ վերջին ամիսները ցույց են տվել, որ խորհրդարանում այդպիսի վստահելի իրավիճակ չունենք:

«Եվ, բացի դա, այսօր հստակ ժողովրդական պահանջ է ձևավորվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների, և ես այսօրվանից խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ առայժմ աշխատանքային կարգով քննարկումներ կսկսեմ այս թեմայի վերաբերյալ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելեց, որ աշխատանքային քննարկումներին կհաջորդեն պաշտոնական քննարկումները՝ շեշտելով, որ դրանք, ըստ էության, իրարից մեծապես չեն տարբերվելու, քանի որ հայտնի է, թե ինչի մասին են խոսելու: «Մենք քննարկելու ենք, թե ինչպես, ինչ մեթոդներով կարող ենք հասնել շուտափույթ արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Ես հույս ունեմ, որ այս հարցի վերաբերյալ քաղաքական ուժերի, խորհրդարանական ուժերի հետ մեզ կհաջողվի գալ համաձայնության և քաղաքացիների աջակցությանը դիմելու անհրաժեշտություն չի լինի: Չնայած, եթե կլինի այդպիսի անհրաժեշտություն, հույս ունեմ, որ դուք բոլորդ պատրաստ կլինեք քաղաքական այդ գործընթացին աջակցություն ցուցաբերել այս կամ այն ձևով»,- եզրափակեց վարչապետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում