Գեղարքունիքում կարտոֆիլի բերքահավաքը սկսվել է անհամեմատ ցածր բերքատվությամբ

Գեղարքունիքում կարտոֆիլի բերքահավաքը սկսվել է անհամեմատ ցածր բերքատվությամբ

ԳԱՎԱՌ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում, սեպտեմբերի վերջին տասնօրյակից սկսած, ընթանում է կարտոֆիլի բերքահավաքը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից, առանձին տնտեսություններում կարտոֆիլի բարձր բերք են ստանում, իսկ առանձին տնտեսություններում էլ մտահոգվելու չափ ցածր բերք են հավաքել:

«Մարզում ունենք ավելի քան 9 հազար հեկտար կարտոֆիլի ցանքեր եւ ակնկալում ենք մինչեւ 200 հազար տոննա բերքատվություն: Եթե հեկտարի միջին բերքատվությունը կազմի 200 ցենտներ, ապա մենք կունենք մեր ակնկալած թիվը: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ մի տեղ բարձր բերքատվություն կա, մեկ այլ տեղ՝ անհամեմատ ցածր:

Մասնագետները դա կապում են եղանակային անբարենպաստ պայմանների՝ խոնավության եւ բարձր ջերմաստիճանի հետ, ինչի հետեւանքով կարտոֆիլի ցանքերում առաջացել է ժանգ հիվանդությունը, ինչի դեմ անզոր են եղել տնտեսությունները:

Միայն բերքահավաքի ավարտից հետո կարող ենք հստակեցնել իրական պատկերը: Իսկ այս պահին կարտոֆիլի բերքահավաքը մարզում ավարտվել է հազիվ մոտ 20 տոկոսի չափով»,-ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը: Ֆերմերային տնտեսության ղեկավար, Սոթք գյուղի բնակիչ Կոլիկ Շահսուվարյանի հավաստմամբ՝ այս տարվա բերքատվությունը ցածր է լինելու նախորդ տարվանից:«Մեր ցանքերում հեկտարից ստանում ենք 20-30 տոննա բերք: Տնամերձերում, որոշ ցանքատարածքներում վիճակը լավ չէ, անգամ մտահոգիչ է: Տարին շատ շոգ էր, որն էլ ուղեկցվեց գարնանային առատ անձրեւներով: Շատ տեղերում նույնիսկ սերմացուի չափ բերք չեն կարողացել ապահովել: Բայց տեղեր էլ կա, որ լավ բերք է ստացվում»,-ներկայացրեց Կոլիկ Շահսուվարյանը:

Մեծ Մասրիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Էդիկ Պողոսյանի տեղեկացմամբ՝ արդյունքները մոտ 2 հեկտարի վրա այնքան ցածր են եղել, որ տնտեսությունները որոշել են բերքահավաք չկատարել, այլ միանգամից աշնանացան ցորենի ցանք են կատարել:«Կարտոֆիլի բերքահավաքը մեզ մոտ դեռ նոր է թափ հավաքում, բայց առաջին հեկտարները փաստում են ոչ բարձր բերքատվության մասին: Որոշ տեղերում սպասում ենք բարձր բերքատվություն, բայց շատ տեղերում էլ անչափ ցածր արդյունքներ է գրանցում բերքահավաքը՝ մինչեւ անգամ մեկ հեկտարից 100 ցենտների չափով:Մոտ 2 հեկտարի վրա էլ պարզապես որոշեցին չհավաքել բերքը, քանի որ կատարված ծախսերն անհամեմատ մեծ կլիներ, քան ստացված բերքի արժեքը կարող էր լինել:

Բացի այդ, ապրանքային կարտոֆիլ չէր ստացվել, եւ այդ տնտեսությունները գերադասեցին միանգամից հողը վարել ու աշնանացան ցորեն ցանել: Ընդ որում, կարտոֆիլի բերքի ցածր արդյունքների մասին մեզանում կանխատեսում էին դեռ օգոստոսի սկզբներին, երբ կարտոֆիլի ցողունը փտում ու պոկվում էր արմատից, իսկ եղած բերքն արդեն դադարում էր աճ ապահովելուց: Նույնիսկ Ռուսաստանից փորձեցինք մասնագիտական խորհրդատվություն ստանալ, բայց անզոր եղանք՝ մեզ համար անհասկանալի հիվանդության դեմ պայքարելու համար»-նշեց Էդիկ Պողոսյանը:
Կարտոֆիլի բերքահավաքը Գեղարքունիքի մարզում կավարտվի հոկտեմբերի երրորդ տասնօրյակի ընթացքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում