ՀՅԴ-ն Նիկոլ Փաշինյանից արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը քննարկելու հրավեր դեռևս չի ստացել

ՀՅԴ-ն Նիկոլ Փաշինյանից արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը քննարկելու հրավեր դեռևս չի ստացել

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: ՀՅԴ-ն վարչապետ Նիկոլ Փաշինյանից արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը քննարկելու հրավեր դեռևս չի ստացել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Մենք կողմ ենք ընտրությունների անցկացմանը, բայց դեմ՝ դրանց անհապաղ անցկացման», – նշեց նա՝ հավելելով, որ դրանք պետք է անցկացվեն անհրաժեշտ տրամաբանական քայլեր կատարելուց հետո:

Նրա խոսքով՝ առաջին քայլը արտահերթ խորհրդարանական ընտրությունները նոր Ընտրական օրենսգրքով անցկացնելն է, որում առկա է ռեյտինգային համակարգը:

Ռուստամյանը հայտարարեց, որ մեկ տարուց ոչ ավելի ժամկետ է պետք, որպեսզի այս ամենը կյանքի կոչվի ու բոլոր խնդիրները լուծվեն:

Նա նաև նկատեց, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները չի կարելի հիմք համարել արտահերթ խորհրդարանական ընտրություններն ավելի արագ անցկացնելու համար.

«Ըստ էության, ոչ թե եղել է ավագանու ընտրություն, այլ եղել է հանրաքվե, այն էլ լոկալ հանրաքվե բառիս բուն իմաստով, անցկացվել է միայն Երևանում: Մենք, ճիշտն ասած, չենք իմացել, որ մասնակցում ենք հանրաքվեի, մենք իմացել ենք, թե մասնակցում ենք ավագանու ընտրություններին: Բայց եթե այդպես է դիտարկվում, որ հանրաքվեի է դրվել մի հարց՝ ժողովուրդն ուզում է ԱԺ-ն լուծարվի, թե՝ ոչ, կարծում եմ, որ այդ պարագայում հանրաքվեի արդյունքները ճիշտ չեն ներկայացվում, սխալ են ամփոփվել, որովհետև ոչ թե 82 տոկոսն է ուզում, այլ 100 տոկոսը», – նկատեց Ռուստամյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում