ՀԱՊԿ երկրները շարունակում են գլխավոր քարտուղարի փոխարինման վերաբերյալ խորհրդակցությունները. Ղազախստանի արտգործնախար

ՀԱՊԿ երկրները շարունակում են գլխավոր քարտուղարի փոխարինման վերաբերյալ խորհրդակցությունները. Ղազախստանի արտգործնախար

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները շարունակում են կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման հետ կապված ինտենսիվ խորհրդակցություններն ՝ ընդգծելով, որ լուծումը պետք է ընդունելի լինի բոլորի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է Ղազախստանի արտգործնախարար Կայրատ Աբդրահմանովը:

«Այս հարցի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են, ինչպես ՀԱՊԿ անդամ պետությունների մայրաքաղաքներում, այնպես էլ ՀԱՊԿ-ի մշտական խորհրդի մակարդակով: Մենք վստահ ենք, որ մեր կազմակերպության կանոնադրության համաձայն, բոլոր կողմերի համար ընդունելի լուծում կգտնվի»,-ասել է զրուցակիցը:

Նա նշել է, որ այս ուղղությամբ ՀԱՊԿ-ի քարտուղարության եւ կազմակերպության բնականոն գործունեությանն ուղղված քրտնաջան աշխատանքը թույլ կտա խուսափել ցանկացած հետեւանքներից:

«Վստահ եմ, որ այս իրավիճակը որեւէ բացասական հետեւանքների չի բերելու ՀԱՊԿ-ի լիարժեք գործունեության համար: Խորհրդատվական աշխատանքն ու բանակցություններն ընթացքի մեջ են, ինչը բնորոշ է ցանկացած կազմակերպության քարտուղարության ղեկավարության փոփոխման ժամանակ», – եզրափակեց արտգործնախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում