Զարիֆը կոչ է արել Իրանին եւ Եվրոպային՝ ստեղծել միջուկային գործարքի պահպանման մեխանիզմներ

Զարիֆը կոչ է արել Իրանին եւ Եվրոպային՝ ստեղծել միջուկային գործարքի պահպանման մեխանիզմներ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը եւ Եվրոպան պետք է նախնական պայմանավորվածությունները վերածեն միջուկային գործարքի պահպանման իրական մեխանիզմների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հեռուստահաղորդումների BBC կորպորացիային տված հարցազրույցում, որը հոկտեմբերի 3-ին հրապարակվել է նրա կայքում:

«Եվրոպական երկրները հայտարարել են, որ պաշտպանում են միջուկային գործարքի պահպանումը, եւ այժմ անհրաժեշտ է պայմանավորվածությունները վերածել մեխանիզմների: Վստահ եմ, որ դա տեղի կունենա»,- ասել է Զարիֆը: Նա հավելել է, որ «հաջորդ փուլում Իրանը կփորձի հասկանալ՝ իրականում աշխատում են արդյոք այդ մեխանիզմները»: Նախարարն ասել է, որ «միջազգային հարաբերությունները հարգանք են ենթադրում ստանձնած պարտավորությունների նկատմամբ»:

«ԱՄՆ-ում նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության գալը հեղափոխություն չէր: Դա պարզապես վարչակազմի փոխարինում է: Միջուկային գործարքը ոչ թե պարզապես մարդկանց անձնական պայմանավորվածությունն է, այլ միջազգային համաձայնագիր մի քանի պետությունների միջեւ»,- ընդգծել է նա: Բացի այդ, Զարիֆը հանդես է եկել միջազգային քաղաքականության մեջ դոլարի օգտագործումից հրաժարվելու օգտին: «Դա բարդ գործընթաց է, բայց դրա անհրաժեշտություն ակնհայտ է: Միջազգային հանրակցությունը չպետք է թույլ տա ԱՄՆ-ին՝ աշխարհը կառավարել բռնապետական մեթոդներով»,-ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում