ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չառաջադրելու հարցը կարող է քննարկել, եթե արտահերթ ընտրությունները լինեն մայիսին. Աշոտյան

ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չառաջադրելու հարցը կարող է քննարկել, եթե արտահերթ ընտրությունները լինեն մայիսին. Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ՀՀ վարչապետին առաջարկել է ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացնել մայիսին, որի դեպքում կարող է քննարկվել նաև իրենց կողմից վարչապետի թեկնածու չառաջադրելու հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 3-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Ամենատարածված փոխզիջումային տարբերակը, որն առաջարկվել է վարչապետին, եղել է այն, որ եկեք ընտրությունները հետաձգենք մինչև մայիս, հասցնենք բարեփոխել ԸՕ-ն, ընդունենք Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններն այդ օրենսգրքի հետ կապված, թողնենք մյուս կուսակցություններն էլ պատրաստվեն ընտրություններին, հանդարտեցնենք իրավիճակն ու գնանք ընտրությունների։ Այդ դեպքում վարչապետի թեկնածու չառաջադրելու հարցը կարող էր լինել մեր առաջարկած փաթեթի մաս»,- նշեց Աշոտյանը։

Նրա խոսքով՝ վարչապետն ամբողջ ընթացքում լսել է իրեն ուղղված առաջարկները, սակայն որևէ պայմանավորվածություն չի եղել։

«Չի կարող լինեն պայմանավորվածություն՝ իրազեկում ձևաչափի պարագայում։ Իրազեկում ֆորմատը, որն առաջարկեց վարչապետը, ենթադրում է տեղեկության փոխանցում, իրազեկվածության մակարդակի բարձրացում։ Վարչապետը նշեց, որ պատրաստ է խոսել ամեն ինչի մասին, բացի դեկտեմբերից»,– ասաց Արմեն Աշոտյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում