Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպանին

Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարար Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում ծավալած արդյունավետ գործունեության համար, բարձր գնահատել նրա ներդրումը հայ-ամերիկյան բազմաոլորտ փոխգործակցության համատեքստում և հույս հայտնել, որ դեսպանը Հայաստանից հեռանում է լավ տպավորություններով:

Դեսպան Միլսը պատիվ է համարել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան լինելը, և մեծապես արժևորել դեսպանության ու ՀՀ արդարադատության նախարարության սերտ համագործակցությունը: «Հատկապես ողջունելի է, որ նախարարության գերակա խնդիրների շարքում է կոռուպցիայի դեմ պայքարը, ինչը գերակայություն է նաև մեզ համար, և մենք կշարունակենք աջակցել այդ հարցում»,- նշել է ԱՄՆ դեսպանը:

Հանդիպման ավարտին նախարարն ու դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, դատական համակարգի անկախության ապահովմանը, ընտրական համակարգի բարելավմանը և այլն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում