ԱԺ նախագահն առաջարկում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ոչ աշխատանքային օրերին միջոցառումներ կազմակերպել նաև մարզերում

ԱԺ նախագահն առաջարկում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ոչ աշխատանքային օրերին միջոցառումներ կազմակերպել նաև մարզերում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արա Բաբլոյանն առաջարկում է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ոչ աշխատանքային օրերին միջոցառումներ կազմակերպել նաև մարզերում՝ դրանով բարձր գնահատական տալով գագաթնաժողովի՝ Հայաստանում անցկացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաբլոյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում՝ երկու օր ոչ աշխատանքային հայտարարելու նախագծի առաջին քննարկմանը:

«Կարծում եմ, որ գագաթնաժողովի շրջանակում երկու օր ոչ աշխատանքային ճանաչելը ողջ հանրապետությունում ավել կարևոր նշանակություն ունի: Այն հնարավորություն կտա մարդկանց ոչ միայն Երևանից, այլ նաև մարզերից նույնպես մասնակցել այս կարևոր միջոցառմանը, որոշակի միջոցառումներ կազմակերպել նաև մարզերում: Դրանով ցույց կտանք, որ իրականում ոչ միայն երթևեկության դժվարություններն են մեզ դրդում ոչ աշխատանքային օրեր սահմանելուն, այլ բարձր գնահատական տալու այս կարևոր գագաթնաժողովին, որ ֆրանկոֆոն աշխարհը վստահել է Հայաստանին»,- ասաց Բաբլոյանը:

ԱԺ ՀՅԴ անդամ Արմինե Կյուրեղյանը հետաքրքրվեց, թե ինչու պետք է Երևանում կազմակերպվող միջոցառման համար լոռեցի կամ մեղրեցի աշակերտը խախտի իր գրաֆիկը: Նա հարցրեց՝ ինչու պետք է ողջ Հայաստանում հայտարարել ոչ աշխատանքային օրեր:

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց՝ մարզերի բնակիչների համար Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը նույնպես կարող է նշանակություն ունենալ: «Մասնավորապես, ձեր մատնանշած լոռեցի երեխաները կարող են գալ Երևան և մասնակցել միջոցառումներին: Երևանն ամբողջ Հայաստանը չէ, բայց առնվազն մեկ երրորդն է: Եվ քանի որ հնարավոր չէր միայն Երևանում աշխատանքային օրերը տեղափոխել, հետևաբար՝ ընտրվել է այս տարբերակը»,-ասաց նա:

Ռուբինյանը նշեց նաև՝ աշխատանքային օրերի տեղափոխումը կանխում է երթևեկության հետ կապված խնդիրները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում