Ո՞ր դեպքում Ազգային ժողովը կարող է արձակվել

Ո՞ր դեպքում Ազգային ժողովը կարող է արձակվել

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Արա Զոհրաբյանն արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար տարբերակ է համարում Սահմանադրության մեջ փոփոխություններ անելը և Ազգային ժողովի արձակման նոր հիմքեր ընդգրկելը: Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Զոհրաբյանը խորհրդարանի արձակման վերաբերյալ տեսակետ է հայտնել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Ազգային ժողովը կարող է արձակվել միայն ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասով (վարչապետի հրաժարականից հետո երկրորդ անգամ վարչապետ չընտրելու), 151-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով (կառավարության ծրագրին հավանություն չտալու և նոր վարչապետ չընտրելու) սահմանված դեպքերում: Կարելի է նաև հանրաքվեով փոփոխություն կատարել Սահմանադրության մեջ և Ազգային ժողովի արձակման նոր հիմքեր ընդգրկել, սակայն «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքն իր պատնեշներն ունի»,– գրել է նա ու նշել՝ իր կարծիքով՝ ՀՀ ազգային ժողովի արձակման այլ տարբերակներ չկան:

Նա նաև նշել է՝ համացանցում քննարկվում են ՀՀ Ազգային ժողովն արձակելու տարբերակներ: Դրանցից մեկը, որի հետ կապված լրագրողները հետաքրքրություն են ցուցաբերել, փոքրամասնություն կազմող պատգամավորների մանդատները վայր դնելու տարբերակն է:

«Այս առումով, կարծում եմ, որ պատգամավորների թիվը Սահմանադրությամբ նախատեսված 101 թվից նվազելու դեպքում Ազգային ժողովը չի կարող արձակվել: Սահմանադրությամբ այդպիսի հիմք նախատեսված չէ: Հակառակ դեպքում, մյուս Ազգային ժողովի խորհրդարանական փոքրամասնությունը կարող է նույն կերպ մանդատները վայր դնելով Ազգային ժողովն արձակել և այդպես շարունակ: Սա սահմանադրական ճգնաժամ կառաջացնի»,– նշել է Զոհրաբյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում