Հայաստանը պետք է դարձնել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության երկիր. Փաշինյանը ներկայացրեց ՏԿՏՏ նորանշանակ նախարարին

Հայաստանը պետք է դարձնել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության երկիր. Փաշինյանը ներկայացրեց ՏԿՏՏ նորանշանակ նախարարին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Հակոբ Արշակյանին:

«Տեղի է ունեցել նախարարի փոփոխություն, այդ որոշման հանգամանքները ներկայացվել են հրապարակային: Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Աշոտ Հակոբյանին համատեղ աշխատանքի համար, մաղթել նրան հաջողություններ: Միևնույն ժամանակ ուզում եմ շնորհավորել նոր նախարարին՝ պարոն Արշակյանին, ով մինչ այս, առաջին տեղակալն էր: Նա կառավարությունում համարվում էր և հիմա էլ պետք է համարվի Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու քաղաքականության իրականացման թիվ 1 պատասխանատուն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ հետագայում պետք է մտածել այդ պատասխանատվությունն առավել արդյուննավետ դարձնելու կառուցվածքային մեխանիզմների լրամշակման վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ խնդիրը շատ հստակ է ձևակերպված:

«Խնդիր ունենք Հայաստանն ագրարային-հանքարդյունաբերական-խաղադրույքների երկրից դարձնել բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր: Այս հարցում նախարարության դերը ավելի է ընդգծում: Իհարկե, կարևոր է նաև տրանսպորտը, որը նույնպես պետք է բարձր մակարդակի վրա լինի: Թյուրըմբռնում չլինելու համար ասեմ, որ եթե մենք ասում ենք գյուղատնտեսությունում ներդրվեն տեխնոլոգիական լուծումներ, դա չի նշանակում, որ մեր գյուղմթերքը պետք է լինի ոչ մաքուր: Ընդհակառակը, պետք է կիրառենք այնպես, որ բնապահպանական առումով գյուղմթերքը լինի ավելի մաքուր: Հայաստանը մաքուր սննդի երկիր պետք է լինի»,-հավելեց վարչապետը:

Նախարար Հակոբ Արշակյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար:

«Ստացել եմ հնարավորություն ավելի մեծ ներդրումով ծառայելու իմ Հայրենիքին: Պարոն վարչապետ ձեր տված մեսիջները շատ հստակ են, տողատակեր չկան: Աշխատելու ենք առաջնահերթություններն առաջ տանելով, ակտիվ նախաձեռնողականությամբ, արդյունավետության գնահատման շատ հստակ սկզբունքներով: Վստահ եմ, որ մեր թիմը կկարողանա հստակ առաջ տանել այս աշխատանքը, ամեն մեկը պետք է զգա իր վրա դրված պատասխանատվությունը»,-ասաց նախարարը:

ՀՀ նախագահի հրամանագրով հոկտեմբերի 4-ին Հակոբ Արշակյանը նշանակվել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում