ՀՀԿ խմբակցության հայտարարությունը արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ

ՀՀԿ խմբակցության հայտարարությունը արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: «ՀՀԿ» խմբակցությունը հայտարարում է. 

«Մենք հոգեհարազատ ենք մնում մեր որդեգրած քաղաքականությանը և չենք խոչընդոտում ՀՀ Կառավարության աշխատանքներին: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված բազմիցս արտահայտել ենք մեր այն դիրքորոշումը, որ դեմ չենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որի պատասխանատվությունն ամբողջությամբ ՀՀ կառավարությանն է: Մեր պատկերացմամբ, արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար ողջամիտ ժամկետը մայիս-հունիս ամիսներն են, որի դեպքում հնարավոր կլինի խորհրդարանական պետությանը հարիր խորհրդարան ձևավորելու համար լիարժեք քննարկել Ընտրական օրենսգրքի փոփոխությունները խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների, ՀՀ-ում գործող միջազգային կառույցների, Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ ԺՄԻԳ մոնիթորինգի հանձնաժողովի հետ: Բացի այդ, նշված ժամանակահատվածում հնարավոր կլինի ձեռք բերել այն անհրաժեշտ տեխնիկական միջոցները, որոնք կապահովեն ընտրությունների պատշաճ անցկացումը:

Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել բոլոր քաղաքական ուժերի հետ մայիս-հունիս ամիսներին ընտրություններ անցկացնելու վերաբերյալ միասնական հայտարարությամբ հանդես գալու համար:

Անկախ այս ամենից, չընդունելով դեկտեմբեր ամսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ՀՀ կառավարության բերած հիմնավորումները՝ Հանրապետական խմբակցությունը չուներ և չունի մտադրություն առաջադրելու վարչապետի իր թեկնածուն: Ընտրությունները գարնանն անցկացնելու մեր մոտեցման նպատակը մեկն է` ապահովել ժողովրդավարական սկզբունքներով նոր խորհրդարանի ձևավորումը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում