Առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման ԼՂ հակամարտության լուծումն անհնար է. Էդուարդ Շարմազանով

Առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման ԼՂ հակամարտության լուծումն անհնար է. Էդուարդ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ տարածաշրջանի կարևորագույն հարցերից մեկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովում ունեցած ելույթում այս մասին ասել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Ադրբեջանի կողմից որպես արտաքին քաղաքականության հիմնական ռազմավարություն ընտրված ռազմատենչ հռետորաբանությունը և ագրեսիվ գործողությունները խաթարում են անվտանգության և կայունության հիմքերը ոչ միայն տարածաշրջանում, այլ ամբողջ մայրցամաքում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Շարմազանովը:

Նա հավելել է, որ Հայաստանը կողմ է հակամարտության կարգավորմանը բացառապես խաղաղ քաղաքական միջոցներով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների, մասնավորապես, ուժի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության հավասար իրավունքների և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա»,- ընդգծել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Նա շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային հակամարտություն չէ, ինչպես Ադրբեջանը փորձում է ներկայացնել, այլ Լեռնային Ղարաբաղի, Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի հարցն է: Հակամարտության լուծումն առանց այդ իրավունքի լիարժեք իրացման անհնար է»,- նշել է Շարմազանովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում