Նախագահ Արմեն Սարգսյանը «Թումո»-ն համարում է Հայաստանում մեկ այլ հեղափոխության խորհրդանիշերից

Նախագահ Արմեն Սարգսյանը «Թումո»-ն համարում է Հայաստանում մեկ այլ հեղափոխության խորհրդանիշերից

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կարծիքով` Հայաստանում ապրիլյան հեղափոխությունից բացի եղել է նաև մեկ այլ հեղափոխություն, որի խորհրդանիշերից է համարում «Թումո»-ն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախագահը նման տեսակետ հայտնեց ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում անցկացվող տնտեսական ֆորումի իր ելույթում:

«Հայաստանում տեղի է ունեցել և ունենում ևս մեկ հեղափոխություն, որը, ցավոք, միջազգային հանրության կողմից չնկատվեց: Ապրիլի հեղափոխությունը հեռարձակվում էր գրեթե բոլոր հեռուստաալիքներով, բայց մեկ այլ հեղափոխություն ևս կայացավ, որը լիարժեք չնկատեցին: Եվ դուք հիմա այս հեղափոխության կենտրոնում եք, որը կոչվում է «Թումո»: «Թումո»-ն Հայաստանում նոր հեղափոխության խորհրդանիշերից մեկն է: Հեղափոխություն, որ Հայաստանը երիտասարդ չէ միայն նրա համար, որ հոգով է երիտասարդ, որ մենք քսանմեկերորդ դարի սերունդ ենք, այլ նրա համար, որ մենք դա գործնականում անում ենք Հայաստանում: Եթե ցանկանամ համեմատել Բելգիայի, Ֆրանսիայի հեղինակավոր ընկերությունների հետ, կարող եմ, քանի որ ես Հայաստանում բարձր տեխնոլոգիաներ, նոր վիրտուալ աշխարհ ստեղծելու տեսլական ունեմ»,-ասաց նախագահը:

Նա նշեց, որ «Թումո»-ն յուրօրինակ կառույց է , որը երիտասարդ սերնդին սովորեցնելու նոր մեթոդ ունի:

Անդրադառնալով Հայաստանում ապրիլ ամսին տեղի ունեցած հեղափոխությանը` նախագահը նշեց, որ որոշները դա կոչում են «թավշյա հեղափոխություն», որոշները` «նոր Հայաստան», իսկ ինքը` «երիտասարդ Հայաստան»: Նա նկատեց` հեղափոխությունը հիանալի ձեռքբերում էր երկրի և հայերի համար` ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտասահմանում: Նախագահն ընդգծեց՝ հեղափոխությունը տեղի ունեցավ առանց որևէ կոնֆլիկտի, առանց որևէ քաղաքացիական պատերազմի, վնասների, և այն դեռ շարունակվում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում