Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնություն է բաշխել Հնդկաստան բուժման մեկնող երեք զինվորականների

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնություն է բաշխել Հնդկաստան բուժման մեկնող երեք զինվորականների

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է հայրենիքի պաշտպանության համար ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ստացած երեք զինվորականների` ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի: Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, նրանք առաջիկա օրերին կմեկնեն Հնդկաստան` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Կալկաթայի Սուրբ Նազարեթ հայկական եկեղեցու վարչության նախաձեռնությամբ ու աջակցությամբ ստանալու անհրաժեշտ բուժումն ու վերջույթների պրոթեզավորումը: Սա երկու տարվա ընթացքում զինվորականների չորրորդ խումբն է, որ այս նպատակով մեկնում է Կալկաթա:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բերելով զինվորականներին, նշել է, որ հպարտություն է տեսնել հայրենյաց պաշտպանների, ովքեր պատրաստ են իրենց կյանքն ընծայել հայրենիքի համար: «Ձեր կողմից դրսևորած այդ քաջարի ոգին արդեն իսկ հերոսություն է մեզ համար», – ընդգծել է Նորին Սրբությունը` փաստելով, որ Մայր Աթոռը հետագայում ևս շարունակելու է այս առումով իր զորակցությունը բերել Հայոց բանակին:

Նորին Սրբությունը հույս հայտնել է, որ անհրաժեշտ այս բուժումը կօգնի զինվորականներին կազմակերպել իրենց հետագա կյանքը և ծառայությունը:

Իրենց հերթին զինվորականներն երախտագիտություն հայտնեցին Վեհափառ Հայրապետին հոգածու վերաբերմունքի, Եկեղեցու ազգապահպան առաքելության և բանակաշինության գործում ունեցած մեծ ներդրումի համար, պատասխանեցին նաև իրենց կյանքի և ծառայության վերաբերյալ Նորին Սրբության հարցումներին:

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է զինվորականներին` մաղթելով, որ Ամենակալ Տերը պարգևի նրանց ուժ և եռանդ նորանոր հաջողություններ արձանագրելու կյանքում և ապրելու հարատև խաղաղության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում