Մեր պարտքն է կրկնապատկել ջանքերը` կանխելու նոր ցեղասպանությունները, պատերազմական հանցագործությունները. Նիկոլ Փաշինյան

Մեր պարտքն է կրկնապատկել ջանքերը` կանխելու նոր ցեղասպանությունները, պատերազմական հանցագործությունները. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիան զգալի ջանքեր է գործադրում ֆրանկոֆոն տարածքի կոնֆլիկտների և ճգնաժամերի հանգուցալուծման համար: Այս մասին Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին բացման խոսքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադարձ կատարելով մարդկությանը սպառնացող մարտահրավերներին՝ պետությունների ղեկավարների ուշադրությունը հրավիրելով ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի խնդրին:

«Այն ժամանակ, երբ մենք պատրաստվում ենք նշել Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակը, մեր պարտքն է կրկնապատկել մեր ջանքերը` կանխելու նոր ցեղասպանությունները, պատերազմական հանցագործությունները և մարդկության դեմ հանցագործությունները: Այս հակամարտությունների հետևողական գոյությունը նաև պարտավորեցնում է մեզ վերահաստատել ճանաչված միջազգային բանակցային ձևաչափերի շրջանակներում հակամարտությունների խաղաղ կարգավորման մեր հանձնառությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետն ընդգծեց, որ դա նաև վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, որի շուրջ բանակցային գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի համանախագահության ձևաչափում։ Նա նշեց, որ խոսքը արդեն տասնամյակներ տևող և բազմաթիվ տառապանքներ պատճառած հակամարտության մասին է։

«Հակամարտությունը հակադրության մեջ է դրել արդեն ավելի քան 25 տարի իր ինքնորոշման իրավունքն իրականացնող Լեռնային Ղարաբաղին և Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների հետ երկխոսությունը մերժող Ադրբեջանին: Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղը պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղ բանակցային գործընթացում, և իր կարգավիճակը պետք է որոշվի՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտման իրավունքը»,– ասաց նա։

Միևնույն ժամանակ, ՀՀ վարչապետն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի համար առանցքային նշանակություն ունի անվտանգության հարցը։ Նրա խոսքով, վերջինս այնքան հաճախ է դարձել իր իրավունքների ոտնահարման, խտրականությունների և վայրագությունների զոհ, որ երկխոսության և ուժի կիրառման կրկնվող փորձերը լուրջ վտանգի տակ են դնում Լեռնային Ղարաբաղի բնակչության ֆիզիկական գոյությունն իսկ։

«Մենք հավատում ենք, որ խաղաղությանը միտված մթնոլորտի ստեղծումն առանցքային է կարգավորման գործընթացի առաջմղման համար և մեր ողջ ջանքերն ուղղված են փոխվստահության միջոցների շուրջ արագ և համապարփակ համաձայնությունների ձեռքբերման խրախուսմանը, որոնք կենսական նշանակություն ունեն հակամարտության բոլոր կողմերի բնակչություններին խաղաղությանը պատրաստելու համար»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում