Մենք բոլորս անհամբեր սպասում էինք այն պահին, թե երբ Շառլ Ազնավուրը կերգեր սեր, մշակույթ. Նիգերի նախագահ

Մենք բոլորս անհամբեր սպասում էինք այն պահին, թե երբ Շառլ Ազնավուրը կերգեր սեր, մշակույթ. Նիգերի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիգերի Հանրապետությունը եղել է Ֆրանկոֆոնիայի ակունքներում և ամեն ինչ արել է ֆրանկոֆոնիայի կազմակերպության զարգացման ու պահպանման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին իր խոսքում նշեց Նիգերի նախագահ Իսուֆու Մահամադուն:

Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանին ջերմ ընդունելության և գագաթնաժողովի կազմակերպման, այն աշխատանքների համար, որոնք ուղղված են միջոցառման ընթացքը, բնականոն հունը կատարելապես ապահովելուն: Նիգերի նախագահը շնորհակալություն հայտնեց նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ամբողջ քարտուղարությանը միջոցառման նախապատրաստական աշխատանքները լավագույնս կատարելու համար:

«Նիգերը միանում է այն ցավակցություններին, որ հնչել են բոլոր երկրներից, ամբողջ աշխարհից աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Իր հսկայական աշխատանքի ընթացում Շառլ Ազնավուրը ֆրանսերեն լեզվի դեսպանն էր: Նա այսօր մեզ հետ պետք է լիներ, մենք բոլորս անհամբեր սպասում էինք այն պահին, թե երբ Շառլ Ազնավուրը կերգեր սեր, մշակույթ: Շառլ Ազնավուրի մահը մեծ կորուստ էր Ֆրանսիայի, Հայաստանի, ընդհանրապես, ամբողջ աշխարհի համար»,-ասաց Նիգերի նախագահը:

Նիգերի նախագահը անդրադարձավ մի քանի մարտահրավերների՝ անվտանգություն, միգրացիա, դեմոգրաֆիկ խնդիրներ, կլիմայական խնդիրներ, բազմաբևեռ աշխարհի մարտահրավեր:

«Մի շարք անդամ երկրներ առճակատվում են ահաբեկչությանը: Մյուս կողմից միգրացիոն տեղաշարժերի ակունքում ծայրահեղ աղքատությունն է: Այստեղ անհրաժեշտ է իրականացնել մի շարք զարգացման ծրագրեր: Դեմոգրաֆիկ մարտահրավերների համատեքստում կցանկանայի առաջ քաշել երիտասարդ աղջիկների, կանանց ուսուցման հարցերը: Անհրաժեշտ է երաշխավորել երիտասարդ աղջիկների ու կանանց կրթությունը, բացառել պարտադիր ամուսնությունները»,-ասաց նա:

Նիգերի նախագահը խոսեց նաև կլիմայական մարտահրավերների մասին: Նա ընդգծեց, որ հետևողական են լինելու փարիզյան կլիմայական համաձայնագրի դրույթների հարգման գործում: Նրա խոսքով, յուրաքանչյուրը պետք է ամենայն պատասխանատվությամբ վերաբերի երկիր մոլորակին:

«Կցանկանայի նշել, որ այսօր մի շարք միջազգային համաձայնագրեր չեն հարգվում, դա չի կարող մեզ անտարբեր թողնել: Հարկ է ընդգծել, որ այսօրվա միջազգային կառավարումը մի շարք տիրույթներում բավարար արդյունավետ չի աշխատում: Մենք պետք է շարունակենք պայքարը ժողովրդավարության և հավասարության համար»,-հավելեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում