Վարչապետի հրաժարականից հետո ԱԺ-ում վարչապետի թեկնածու չառաջադրվելու դեպքում խնդիրը կմտնի իրավական փակուղի

Վարչապետի հրաժարականից հետո ԱԺ-ում վարչապետի թեկնածու չառաջադրվելու դեպքում խնդիրը կմտնի իրավական փակուղի

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, վկայակոչելով ՀՀ սահմամադրությունը, ներկայացրել է վարչապետի հրաժարականի իրավական հիմքերը։

Այսպես, նա իր ֆեյսբուքյան էջում գրում է.

1. Վարչապետի հրաժարականից հետո, եթե խմբակցությունները չառաջադրեն վարչապետի թեկնածու, ապա ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԻ և այդ հիմքով էլ բնականաբար առաջին փուլում վարչապետ չի ընտրվի: ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վարչապետի ընտրությունն անցկացվում է անվանական քվեարկությամբ:

2. Խնդիրը ծագում է երկրորդ փուլում, քանի որ ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վարչապետ չընտրվելու դեպքում ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՅՈԹ ՕՐ ՀԵՏՈ անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

3. Ինչպես տեսնում ենք, առանց՝ (1) առաջին փուլում թեկնածուի առաջադրման, (2) քվեարկության և (3) չընտրվելու փաստի արձանագրման, երկրորդ փուլը չի կարող սկսվել, քանի որ 7 օրյա ժամկետի սկիզբը դրված է ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ պահից:

Հատկանշական է, որ վարչապետի և Գագիկ Ծառուկյանի միջև 08.10.2018թ. ստորագրված հուշագրով «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը, որպես հեղափոխության աջակից ուժ, պարտավորվել է ՀՀ վարչապետի թեկնածու չառաջադրել և չաջակցել վարչապետի որևէ թեկնածուի:
ՀՀԿ խմբակցությունը 09.10.2018թ. հայտարարել է, որ Հանրապետական խմբակցությունը չուներ և չունի մտադրություն առաջադրելու վարչապետի իր թեկնածուն:

ԱՄՓՈՓՈՒՄ՝
Իրավական առումով, երբ վարչապետը հրաժարական տա, ապա դա կհանգեցնի կառավարության հրաժարականին, իսկ ԱԺ-ում վարչապետի թեկնածու չառաջադրվելու դեպքում խնդիրը կմտնի իրավական փակուղի:

Հետևաբար, վարչապետի հրաժարականի միջոցով Ազգային ժողովն արձակելու ցանկությունն իրագործելը հնարավոր է միայն ԱԺ մեծամասնությունը կազմող պատգամավորների հետ պայմանավորվածությամբ՝ վարչապետի թեկնածու առաջադրելու և նրան չընտրելու միջոցով: Սա նշանակում է, որ ԱԺ-ն «պաշարելու» սցենարը չի կարող աշխատել, իսկ վարչապետի թեկնածուին (եթե նույնիսկ ապահովության համար Նիկոլ Փաշինյանն առաջադրված լինի) ԱԺ պատգամավորների պարզ մեծամասնությունը կարող է ընտրել (կրկին ընտրել):

Հետևեք մեզ նաև Telegram-ում