Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Հայաստանի հետ. ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ

Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Հայաստանի հետ. ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ է Հայաստանին աջակցութուն ցուցաբերել ամենտարբեր ոլորտներում`կրթություն, մշակույթ, տնտեսություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը:

Նրա խոսքով` Հայաստանում առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո հաջորդ տարվա ընթացքում կայանալիք միջկառավարական խմբի հանդիպման ընթացքում նորովի կդիտարկվի հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա ընթացքը:

«Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Հայաստանի հետ: Մենք պատրաստ ենք նաև շարունակել աջակցությունը Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարում»,-ասաց նա:

Քենթը նշեց, որ իր այցի ընթացքում հայ-ամերիկյան առևտրի պալատի հետ քննարկում է ունեցել այն հնարավորութունների մասին, որ կարող է լինել Հայաստանում: «Մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման, նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ ևս: Հայաստանում Ամերիկյան համալսարանը կարող է պատրաստել հաջորդ սերնդի մասնագետներ»,-նշեց նա:

ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը կարևորեց նաև Հայաստանում Միացյալ Նահանգների կողմից արված ներդրումները հիդրոէներգետիկայի, և հատկապես՝ հանքարդյունաբերության ոլորտում:

Նա հավելեց, որ սա Հայաստան կատարած իր երկրորդ այցն է, որի ընթացքում հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում