Արթուր Վանեցյանը մեկնաբանել է վարչապետի հրաժարականից հետո ուժային կառույցների՝ արտակարգ ռեժիմով աշխատելու մասին լուրերը

Արթուր Վանեցյանը մեկնաբանել է վարչապետի հրաժարականից հետո ուժային կառույցների՝ արտակարգ ռեժիմով աշխատելու մասին լուրերը

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն անդրադարձել է մամուլում շրջանառվող լուրերին, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո ուժային կառույցներն աշխատելու են արտակարգ ռեժիմով: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանն ընդգծեց, որ ուժային կառույցները միշտ էլ աշխատում են «արտակարգ» ռեժիմով: «Մենք կատարում ենք մեր պարտականությունները օրենքի շրջանակներում: Մենք մեր պարտականությունները կատարելու ենք բարեխիղճ կերպով»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Հարցին՝ հակահեղափոխության կամ սաբոտաժի վտանգ չկա՞, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Գիտեք, վտանգները միշտ կան: Մենք այն տեսակետին ենք, որ պետք չէ թուլանալ: Մենք պարտավոր ենք իրականացնել բոլոր միջոցառումները, որպեսզի Հայաստանի տարածքում բացառենք ցանկացած օրինախախտում, որոնք հատկապես կապված են ձեր նշած դեպքերի հետ»:

Նա հավելեց, որ Սահմանադրությամբ ուժային կառույցները ենթարկվում են վարչապետին, իսկ ԱԱԾ-ի խնդիրներից մեկը սահմանադրական կարգի պահպանումն է: ՀՀ ԱԱԾ տնօրենը հավաստիացրեց, որ իրենք ամբողջությամբ տիրապետում են իրավիճակին և թույլ չեն տա, որ որևէ ուժի կամ անհատի կողմից թույլ տրվեն խախտումներ, որոնք կհանգեցնեն սահմանադրական կարգի խախտման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում