Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել մամուլում շրջանառվող տեղեկատվության վերաբերյալ

Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել մամուլում շրջանառվող տեղեկատվության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել մամուլում շրջանառվող տեղեկատվության վերաբերյալ, թե ոստիկանության զորքերի կողմից հայ-ադրբեջանական սահմանին մարտական հերթապահություն իրականացնելու գործընթաց սկսելուց հետո մի քանի տասնյակ աշխատակիցներ խզել են պայմանագրերն ու հեռացել համակարգից: Ներկայացնում ենք ոստիկանության տարածած պարզաբանումը.

««Հրապարակ» թերթի 17.10.18 համարում տեղեկատվություն է հրապարակվել, թե լուրեր են ստացել, որ ոստիկանության զորքերի` հանրապետության պետական սահմանին մարտական հերթապահություն իրականացնելու գործընթաց սկսելուց հետո մի քանի տասնյակ աշխատակիցներ խզել են պայմանագրերն ու հեռացել համակարգից:

Հայտնում ենք, որ մարտական հերթապահություն իրականցնելու ժամանակահատվածում ոստիկանության զորքերի համալրումն ու զորացրումը կատարվել է բնականոն համամասնությամբ, պետական սահմանի պաշտպանությանը մեկնող ստորաբաժանումները կազմավորվում են բացառապես կամավորության սկզբունքով, իսկ մարտական հերթապահությունն իրականացվում է բարոյահոգեբանական առողջ մթնոլորտում ու զինվորական պարտքի բարձր գիտակցությամբ:

Հավելենք նաև, որ խնդրո առարկա ժամանակահատվածում ոստիկանության զորքերը համալրվել են մի քանի տասնյակ զինծառայողներով, իսկ շուրջ երկու տասնյակ դիմումներ քննարկման փուլում են»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում