Բողոքի ակցիա՝ Բագրատաշենի անցակետում

Բողոքի ակցիա՝ Բագրատաշենի անցակետում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Աջ ղեկով մեքենաների ներկրմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները, անհատները բողոքի ակցիա են իրականացնում Բագրատաշենի անցակետում՝ պահանջելով թույլատրել աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Դավիթ Պեդանյանը:

Մոտ 150 մեքենա կանգնած է սահմանում, իսկ ավելի քան 2000 նոր գնված մեքենաներ Վրաստանում են:

Հիշեցնենք, որ 2018 թ. հունվարի 18-ին կառավարության որոշմամբ արգելվեց աջ ղեկով մեքենաների ներմուծումը։

«Սկզբնական շրջանում հայտարարում էին, որ այս օրենքն ընդունվել է ժամանակավոր՝ մինչև հոկտեմբերի 1-ը, և բոլորն արդեն պատրաստված գնել են մեքենաներ, որ հոկտեմբերի 1-ին պետք է ներկրեին Հայաստան։ Հիմա փաստի առաջ ենք, Վրաստանում ուղղակի հնարավոր չէ 2-3 հազար մեքենայի ղեկերը տեղափոխել մեքենայի ձախ կողմում»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Վարորդները մոտ 1 ամիս առաջ նաև դիմել էին վարչապետին՝ պահանջելով վերացնել աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքը։

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Դավիթ Պեդանյանն ասաց, որ նոր նախարարին դեռ չեն դիմել աջ ղեկերի խնդրով:

«Հենց սկսում ենք բանակցությունները, տրանսպորտի նախարար են փոխում, սա արդեն 3-րդ դեպքն է: Հիմա ժամանակ ենք տվել նոր նախարարին: Նոր նախարարին չենք դիմել, որովհետև հին կադրերից մարդիկ կան, նաև նախկինում գրավոր առաջարկություններ ենք ներկայացրել: Մենք առաջարկ կանենք նոր նախարարի հետ հանդիպմանը, բայց հասկանալի է, որ ինչ-որ ժամանակ է պետք խնդիրներին ծանոթանալու համար»,- նշեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում