Ազա՞տ, թե արժեզրկված խոսք

Ազա՞տ, թե արժեզրկված խոսք

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Համացանցում այսօր մի տեսանյութ հանդիպեցի։ Ուսանողներ էին պատրաստել։ Վատաբանում էին այլ ուսանողների՝ մեղադրելով նրանց Հանրապետական կուսակցության կամակատարը լինելու մեջ։ Հոլովակը երկար չէր, ընդամենը 2-3 րոպե։ Բայց մինչև վերջ նայելու համար համբերություն է պետք։

Խորհրդային միության վատագույն ավանդույթներով պատրաստված հոլովակ, որտեղ ներկայացված նյութը ոչ այլ ինչ է, քան այն, ինչը մարդիկ կոչում են «գործ տալ»։ Ինքն իր «բացահայտումներից» զարմացած խորհրդավոր ձայն, տհաճ երաժշտություն, որը երևի թե պիտի ինչ-որ ապրումներ առաջացներ լսարանի հոգում… Մի խոսքով, բոլոր առումներով շատ վատ տեսանյութ։

Ամենևին չեմ ցանկանում միջամտել ուսանողների վեճին, հասկանալ, թե նրանցից ով է ճիշտ և ով՝ սխալ։ Երևույթը ապշեցրեց։ Այս ինչպե՞ս է երիտասարդ սերունդը գործում։ Ինչու՞ են այսօրվա մեր ուսանողները նմանվում անցյալ դարի դահիճներին։

Ազատ խո՞սք։

Այո։ Բայց խոսքի ազատությունը պետք չէ շփոթել արժեզրկված խոսքի հետ։ Խոսքը պետք է արժեք ունենա։ Միայն այն ժամանակ այն կարող է ազատ լինել։ Մնացած դեպքերում՝ աղբ է։ Աղբի ազատը ո՞րն է։

Պատվարժանություն։

Մտածում եմ, երևի մարդկանց հաճախ է պետք հիշեցնել պատվի մասին։ Հատկապես երիտասարդներին։ Ասեմ՝ շատ չքննադատեք, բայց ես ավելի կհասկանայի, եթե հիշատակված տեսանյութի հեղինակները գնային ու ծեծեին իրենց ընդդիմախոսներին։ Դե հա, համաձայն եմ, խոսքը ծեծից ուժեղ է։ Բայց, ինչպես արդեն ասացի, ամեն խոսք չէ, որ խոսք է։

Ինչևէ։ Խնդիրը համատարած է ու վերաբերվում է մեր հասարակության բոլոր շերտերին։ Տարիքը կապ չունի։ Բայց երիտասարդների դեպքում դա ավելի ցավոտ է ընկալվում։ Չեմ ուզում համակերպվել այն մտքին, որ կարող է մեր երեխաներն էլ այդպես հարցեր «լուծեն»։ Իրականում՝ հենց այդպիսի «լուծումներն» են, մեր ազգի համար բազում կորուստների պատճառ դարձել։ Այդ «լուծումներն» են, որ այսօր նոր խնդիրներ են ծնում մեր հանրության համար։ Դրանցից հրաժարվել է պետք։ Շատ արագ։ Որովհետև, ցավոք, էլ կորցնելու պաշար չունենք։ Հաջորդ կորուստն արդեն ճակատագրական կլինի թե՛ պետության և թե՛ ժողովրդի համար։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում