Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարությամբ պայմանավորված մի շարք փողոցներ փակ են լինելու

Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարությամբ պայմանավորված մի շարք փողոցներ փակ են լինելու

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարության միջոցառումների ընթացքում հոկտեմբերի 21-ին երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով առավոտյան ժամը 07:00-ից մինչև ժամը 24:00-ն արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Հանրապետության հրապարակի տարածքում և Ամիրյան փողոցում՝ Ամիրյան-Զաքիյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, Աբովյան փողոցում՝ Աբովյան-Թումանյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի փողոցում՝ Տիգրան Մեծի–Խանջյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան փողոցներում և Շահումյանի հրապարակի տարածքում։ Այս մասին տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Միաժամանակ, ժամը 07:00-ից արգելվելու է մուտքը դեպի Հանրապետության հրապարակ Ամիրյան փողոցով՝ Մաշտոցի-Ամիրյան խաչմերուկից, Աբովյան փողոցով՝ Աբովյան-Թումանյան խաչմերուկից, Նալբանդյան փողոցով՝ Նալբանդյան-Թումանյան խաչմերուկից, Տիգրան Մեծի փողոցով՝ Տիգրան Մեծի-Խանջյան խաչմերուկից, Վազգեն Սարգսյան փողոցով՝ Շահումյանի հրապարակից։

Փակ է լինելու Իտալիայի փողոցը՝ Իտալիայի-Գրիգոր Լուսավորչի խաչմերուկից, Խորենացու փողոցը՝ Զաքիյան-Խորենացու և Մհեր Մկրտչյան-Խորենացու խաչմերուկների միջև:

«Երևանի մարաթոն» վազքի մրցույթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ժամը 07:30-ից մինչև 12:00-ն փակ են լինելու Վարդանանց փողոցը՝ Սախարովի հրապարակից մինչև Ալեք Մանուկյան փողոց, Ալեք Մանուկյան, Իսահակյան, Թամանյան փողոցները, Մոսկովյան և Սարյան փողոցները՝ Մաշտոցի խաչմերուկից մինչև Լեոյի փողոց, ինչպես և Լեոյի, Պարոնյան, Պռոշյան փողոցները:

Նույն օրը, ժամը 07:00-ից մինչև 15:00-ն, փակ է լինելու Հրազդանի կիրճը՝ Հալաբյան, Աթենքի, Փափազյան փողոցներից, ինչպես և Ուրուգվայի հրապարակից:

Փողային նվագախմբերի շքերթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ժամը 14:00-ից 15:00-ն կարգելվի երթևեկությունը՝ Մաշտոցի պողոտայում՝ Մաշտոցի-Արգիշտիի խաչմերուկից դեպի Ֆրանսիայի հրապարակ ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում