Էրդողանը փորձում է օգուտներ քաղել սաուդացի լրագրողի անհետացումից. Times

Էրդողանը փորձում է օգուտներ քաղել սաուդացի լրագրողի անհետացումից. Times

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է օգտվել սաուդացի ընդդիմադիր լրագրող, The Washington Post-ի թղթակից Ջամալ Խաշկջիի անհետացումից, գրում է բրիտանական The Times պարբերականը:

Պարբերականի թղթակից Ռիչարդ Սփենսերը նշել է, որ Էրդողանը կարող է իրավիճակը շուռ տալ իր օգտին՝ թե՛տնտեսական, թե՛ քաղաքական շահերից ելնելով՝ օգտվելով այն հանգամանքից, որ Սաուդյան Արաբիան բավականին լուրջ խնդրի առաջ է կանգնած այս պահին:

Ըստ հոդվածի հեղինակի՝ թուրքական իշխանությունները կարող են պայման դնել Սաուդյան Արաբիայի առաջ և լրագրողի սպանության տեղեկությունները չբացահայտելու դիմաց կա՛մ մեծ տնտեսական ներդրումների պահանջ ներկայացնել, կա՛մ օգտագործել այդ առավելությունը Քաթարի հետ Սաուդյան Արաբիայի ունեցած կոնֆլիկտում:

Շատ հավանական է նաև, որ իրեն Օսմանյան կայսրության ժառանգորդ ու սուննի մահմեդականների առաջնորդ համարող Էրդողանն այդ միջադեպն օգտագործի մահմեդական աշխարհում Սաուդյան Արաբիայի դիրքը թուլացնելու և սուննիների նոր առաջնորդ ինքնահռչակվելու համար:

Հիշեցնենք, որ ըստ թուրքական ոստիկանության վարկածի՝ լրագրողը սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքի ներսում: Մինչդեռ հյուպատոսարանից պնդել են, որ Խաշկջին կորել է հյուպատոսության շենքից դուրս գալուց հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում