ՀՀ վարչապետի պաշտոնակատարը և Լիբանանի խորհրդարանի նախագահը բարձր են գնահատել երկկողմ քաղաքական երկխոսությունը

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը և Լիբանանի խորհրդարանի նախագահը բարձր են գնահատել երկկողմ քաղաքական երկխոսությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Լիբանան աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը բարձր է գնահատել Լիբանանի խորհրդարանի նախագահի ներդրումը հայ-լիբանանյան բարեկամության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների իրականացման գործում։

Նաբիհ Բըրրին ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը Լիբանան՝ նշելով, որ այն հնարավորություն կտա նոր թափ հաղորդել երկու երկրների բարեկամական հարաբերություններին:

Զրուցակիցները կարևորել են լիբանանահայ համայնքի դերակատարությունը՝ որպես երկու երկրները կապող և հարաբերություններն ամրապնդող օղակ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բարեկամ Լիբանանը, ինչպես պատմության ողբերգական պահերին, այնպես էլ այսօր Հայաստանի կողքին է՝ իր նպաստը բերելով Ցեղասպանության հանցագործության դատապարտմանը: Նաբիհ Բըրրին իր հերթին բարձր է գնահատել Լիբանանի հայերի դերակատարությունը և ներդրումը երկրի զարգացման գործում: «Մեր եղբայր հայերը ներկայացված են Լիբանանի խորհրդարանում ու կառավարությունում և իրենց կարևոր նպաստն են բերում Լիբանանի առաջընթացին», – ասել է նա:

Երկու երկրների միջև հարաբերությունների հետագա խորացման համատեքստում ՀՀ վարչապետի պաշտոնակատարը և Լիբանանի խորհրդարանի նախագահը կարևորել են միջխորհրդարանական կապերի ընդլայնումը և բարեկամության խմբերի ակտիվ աշխատանքը: Լիբանանի խորհրդարանի նախագահը նշել է, որ Հայաստանը կարող է Լիբանանի համար դառնալ պատուհան դեպի Եվրոպա, իսկ Լիբանանը Հայաստանի համար` պատուհան դեպի Մերձավոր Արևելք, և պետք է ակտիվ աշխատել այդ ուղղությամբ կոնկրետ արդյունքներ արձանագրելու համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկու երկրներում ընթացիկ քաղաքական իրավիճակի և զարգացումների շուրջ:

Տարածաշրջանային անվտանգության ապահովման ուղղությամբ շարունակական ջանքերի համատեքստում Նիկոլ Փաշինյանը և Նաբիհ Բըրրին կարևորել են Հայաստանի մասնակցությունը Լիբանանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում