ՀԱՊԿ ռազմական կոմիտեն հոկտեմբերի 26-ի նիստում կքննարկի ռազմական համագործակցության զարգացման հարցերը

ՀԱՊԿ ռազմական կոմիտեն հոկտեմբերի 26-ի նիստում կքննարկի ռազմական համագործակցության զարգացման հարցերը

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալմաթի քաղաքում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Ռազմական կոմիտեի նախագահ, Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալի- Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մուրատ Մայկեևի ղեկավարությամբ կկայանա Ռազմական կոմիտեի 13-րդ նիստը` ՀԱՊԿ անդամ-պետությունների միջև ռազմական համագործակցության զարգացման հարցերի վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես նշված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պաշտոնական էջում, նիստին կմասնակցեն ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերը, Ղրղզստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբի պետ և գլխավոր քարտուղարի տեղակալ Պյոտր Տիխոնովսկին:

ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը Ռազմական կոմիտեի անդամներին կտեղեկացնի ՀԱՊԿ անդամ-պետությունների ռազմական համագործակցության զարգացման հիմնական ուղղությունների կատարման վերաբերյալ և ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում հակաօդային պաշտպանության կազմակերպման աշխատանքների կարգի մասին:

Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել իրավիճակը կոլեկտիվ անվտանգության տարածաշրջաններում և ՀԱՊԿ անդամ-պետությունների հավաքական անվտանգության ամրապնդմանն ուղղված միջոցառումները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում