Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահի հետ

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 23-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, կողմերը քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման հեռանկարները, անդրադարձ կատարել ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ շրջանակներում հարաբերությունների զարգացմանն ու տարածաշրջանային համագործակցությանը: Էդուարդ Շարմազանովը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ընդգծել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի դերը եւ նշել, որ Պետերբուրգի հիմնադրման առաջին իսկ օրվանից հայերն էական նշանակություն են ունեցել քաղաքի մշակութային, քաղաքական ու հասարակական կյանքում՝ ամրացնելով հայ-ռուսական բարեկամությունը: Այդ համատեքստում զրուցակիցներն ընդգծել են առաջիկայում Սանկտ Պետերբուրգում հայազգի հռչակավոր գեներալ Լոռիս-Մելիքովի հուշատախտակի բացումը, որի նախաձեռնողներն են Էդուարդ Շարմազանովը եւ Վյաչեսլավ Մակարովը:

Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահն իր հերթին կարեւորել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ներդրումը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում